Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ վարչապետը պատասխանեց սոցիալական ցանցերում հավաքագրված հարցերին

14.04.2014

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հանդես եկավ աննախադեպ նախաձեռնությամբ՝ տեսանյութային հարցազրույցով պատասխանելով սոցիալական ցանցերում ապրիլի 3-12-ը հավաքագրված շուրջ 20 հարցերի:
Հարցերը հավաքագրվել էին ֆեյսբուքում ԼՂՀ կառավարության պաշտոնական էջի
https://www.facebook.com/NKR.gov?fref=ts
և թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի
https://twitter.com/A_Beglaryan
միջոցով: Իսկ գործադիրի ղեկավարի հարցազրույցը տեղադրվել է կառավարության՝ յութուբի պաշտոնական էջում՝
https://www.youtube.com/watch?v=6FrogD6Bbnw&feature=youtu.be
Ա. Հարությունյանը, ի պատասխան հնչեցված հարցադրումների, հանգամանորեն անդրադարձավ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ կրթական ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերի վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանեց, որ անկախության հռչակումից ի վեր իրագործվում են համապատասխան քայլեր այդ ուղղությամբ՝ վերջին ձեռքբերումներից մատնանշելով ԱՄՆ և Ավստրալիայի մի շարք նահանգների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման ակտերը: Նա համոզմունք հայտնեց, որ տարեցտարի արձանագրվելու են ավելի լուրջ հաջողություններ այդ ճանապարհին:
Հարցին, թե ինչու է «դանդաղեցվել վերաբնակեցման աշխատանքների ընթացքը»՝ վարչապետը նկատեց, որ ոչ թե դադարեցվել կամ դանդաղեցվել է այն, այլ կառավարությունը հստակ ծրագրով իրականացնում է մի քաղաքականություն, որի հիմքում ընկած է առաջին հերթին վերաբնակեցված շրջանների զարգացումը: Նրա խոսքով՝ վերաբնակիչներից հազարավորները լքեցին իրենց բնակության վայրերը մինչև 2007 թ.՝ գլխավորապես համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Այդ տարիներին շատ գյուղեր էլեկտրաֆիկացված չէին, դպրոցներ ու ճանապարհներ չկային, առկա չէին եկամուտի կայուն աղբյուրներ, ինչը դրդեց վերաբնակիչներին թողնել և հեռանալ: Ա. Հարությունյանը շեշտադրեց, որ վերջին տարիների ընթացքում փոխված քաղաքականության շնորհիվ ոչ միայն նշանակալի կերպով բարելավվել են տվյալ գոտու ենթակառուցվածքների ու տեղերի բնակիչների ապրուստի պայմանները, այլ նաև նկատվել է ժողովրդագրական զգալի աճ՝ հատկապես Քաշաթաղի շրջանում:
ՀՆԱ-ի կառուցվածքի հավանական փոփոխությունների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վարչապետն ընդգծեց, որ թեև գյուղատնտեսությունը Արցախի տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, բայց կառավարությունը հայտարարել է, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված, որպեսզի պահպանվի տարբեր ճյուղերի միջև հավասարակշռությունը: Ըստ Ա. Հարությունյանի՝ եթե էներգետիկայի, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում ԼՂՀ հնարավորությունները սահմանափակ են՝ կապված ունեցած պոտենցյալի և ֆինանսական միջոցների հետ, ապա գյուղատնտեսության մեջ այդ հնարավորությունները գործնականում սահմանափակումներ չունեն, քանի որ Արցախն ունի ընդարձակ տարածքներ՝ բարենպաստ պայմաններով:
Անդրադառնալով տնտեսական աճի հիմնական խոչընդոտներին՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու գլխավոր գործոններ՝ որակյալ մասնագետների և երկարաժամկետ ներդրումների սղությունը: Նա նշեց, որ Արցախի տնտեսությունը օգտվում է հիմնականում ՀՀ բանկերի տրամադրած հնարավորություններից, որոնք կարճ և թանկ կապիտալ են համարվում:
Հարց հնչեցվեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ՝ խնդրելով հիմնավորել 2013 թ. հուլիսին տեղի ունեցած սակագնի բարձրացումը: Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ նախկինում էլեկտրաէներգիայի 40 տոկոսն էր արտադրվում Արցախում՝ Սարսանգի ՀԷԿ-ում, իսկ մնացած մասը ներկրվում էր ՀՀ-ից, որտեղ էլեկտրաէներգիան հիմնականում արտադրում են ջերմաէլեկտրակայանները և ատոմակայանը՝ ներկրվող վառելիքով: Տարիների ընթացքում վառելիքը պարբերաբար թանկացավ՝ հանգեցնելով նաև էլեկտրաէներգիայի ինքնարժեքի թանկացմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մինչև 2013թ-ի հուլիսի մեկը Արցախը 1ԿՎտ էլեկտրաէներգիան ՀՀ -ից գնում էր մոտ 10.2 դրամով, իսկ անցած տարվա հուլիսի 1-ից ԼՂՀ-ին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ մոտ 7 դրամով: Ա. Հարությունյանը նշեց, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրում նոր ներդրողներ ներգրավելու համար կառավարությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգիան ՀԷԿ-երից գնվելու է ՀՀ-ից ձեռք բերվող նույն սակագնով: Այն, ավելացված արժեքի հարկի հետ միասին, կազմում է ավելի քան 23 դրամ: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ապահովեր նման սակագին, որպեսզի շահագրգռեր ներդրողներին:
Վարչապետը պատասխանեց նաև մի շարք այլ հարցերի: Հարցազրույցի ոչ պաշտոնական սղագրությանը կարելի է ծանոթանալ ստորև տրված հղումներով՝ «Արցախպրես»-ի կայքում՝
http://artsakhpress.am/arm/news/895/lxh-varchapet-ara-harutyunyany-handes-e-ekel-arcanc-harcazruycov-mas-arajin.html

http://artsakhpress.am/arm/news/896/lxh-varchapet-ara-harutyunyany-handes-e-ekel-arcanc-harcazruycov-mas-erkrord.html
 

← Վերադառնալ ցուցակին