Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագիրը

29.05.2014

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարևոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին: Ա. Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ և անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար: Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայման աշխատանքներին և հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն:
Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ և դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի և հարևանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաև վարչապետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով:
Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ կազմակերպությունը տարիներ շարունակ անտոկոս և երկարաժամկետ փոխառություններ է տրամադրել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 300 ընտանիքների, ինչի շնորհիվ բարելավվել են նրանց բնակարանային պայմանները: Այսուհետև բարերարները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել արցախյան ծրագրին ևս:
 

← Վերադառնալ ցուցակին