Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Մարտունու շրջանի՝ կարկտից տուժած համայնքներն աջակցություն կստանան

14.06.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջան՝ կարկտից տուժած գյուղացիներին հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը և համայնքապետերը կառավարության ղեկավարին ներկայացրել են վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Ըստ նրանց՝ հիմնական վնասը հասցվել է ցորենի դաշտերին և խաղողայգիներին՝ համապատասխանաբար շուրջ 400 և 100 հեկտարի չափով: Ավելի փոքր ծավալով տուժել են նաև թթի այգիները և եգիպտացորենի ու գարու դաշտերը:

Վարչապետը համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունը տեղումներից տուժած գյուղացիներին աջակցելու է ցորենի անվճար սերմացուով, ինչպես նաև դրամական օգնություն է տրամադրելու խաղողայգիների սրսկման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ տուժածների գյուղատնտեսական վարկերի ժամկետները երկարաձգվելու են, իսկ գլխավորապես անասնապահությամբ զբաղվող համայնքներին աջակցություն է ցուցաբերվելու անասնակերի տեսքով:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեղումներից նշանակալիորեն տուժած համայնքներում սկսել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք կբարելավեն ոչ միայն ճանապարհների վիճակը, այլ նաև բնակչության սոցիալական դրությունը: Նա հորդորել է բնակիչներին ըմբռնումով մոտենալ պետության կողմից տրամադրվող աջակցության ծավալներին՝ նշելով, որ առկա սուղ միջոցների և տասնյակ տուժած համայնքների պայմաններում կառավարությունը ձգտում է հնարավորինս սատար կանգնել գյուղացուն:

Համայնքապետերի հետ խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը հետաքրքրվել է նաև գյուղերի ժողովրդագրական դրությամբ: Որոշ համայնքներում նկատվող աշխատանքային միգրացիայի կարգավորման համար վարչապետը կոչ է արել նրանց գյուղերում առկա աշխատատեղերը տրամադրել առաջնահերթորեն տեղաբնակներին:

Քննարկվել են նաև Մարտունու շրջանում ընթացող բերքահավաքի աշխատանքների հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը:

 

← Վերադառնալ ցուցակին