Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հաստատվել է “Արցախգազ” ՓԲԸ 2013թ. տարեկան հաշվետվությունը

17.06.2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության 8 քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին և խնդիրներին` հիմնականում նշվել է ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով:
Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն: Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում` հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Կշարունակվեն աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկեց հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության աշխատակիցների աշխատավարձը և այն հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:
 

← Վերադառնալ ցուցակին