Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Կառավարությունն աշնանացանի աշխատանքների համար աջակցություն կտրամադրի հողօգտագործողներին

24.09.2014

Սեպտեմբերի 24-ին Արցախի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների և գյուղատնտեսության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված աշնանացանի աշխատանքներին:
Վարչապետը նախ անդրադարձել է անցնող տարվա բերքահավաքի արդյունքներին` նշելով, որ, բացի բնակլիմայական պայմաններից, ցածր բերքատվության հիմնական պատճառներից էր նաև սխալ ագրոկանոններով հողամշակությունը: Ա. Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ճիշտ ցանքաշրջանառությանը, ինչպես նաև բազմամյա և գարնանացան այնպիսի մշակաբույսերի վրա, որոնք տարիների ընթացքում դրսևորվել են որպես դիմացկուն և արդյունավետ կուլտուրաներ: Նա մատնացույց է արել արևածաղիկը, որը, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, ընթացիկ տարում բարձր բերք է ապահովել: Վարչապետը հավելել է, որ գալիք տարում այդ նպատակով նախատեսվում է մինչև 20 հազար հեկտարի վրա գարնանացան աշխատանքներ իրականացնել:
Անդրադառնալով արդեն ընթացքում գտնվող աշնանացանի աշխատանքներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը այս տարվա համար նախատեսում է պետական աջակցության շրջանակներում, բացի հատկացվող դիզվառելիքից, համայնքային վարչական տարածքներում գտնվող սեփականաշնորված հողերի մեկ հեկտարի հաշվով տրամադրել մինչև 80 հազար դրամ անտոկոս փոխառություն՝ մեկ տարի ժամկետով, իսկ պետական պահուստային հողերից մինչև տասը հեկտար և համայնքային հողերի վարձակալներին՝ մինչև 50 հազար դրամ վեց տոկոս տոկոսադրույքով: Վարչապետի խոսքով՝ նշված հայտերը բավարարելուց հետո, շրջվարչակազմի ղեկավարների միջնորդությամբ, հնարավոր կլինի բավարարել նաև ավելի խոշոր վարձակալների հայտերը: Նախատեսվող աջակցություններից կարող են օգտվել նաև բոլոր այն հողօգտագործողները, ովքեր «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ չունեն ժամկետանց պարտավորություններ:
 

← Վերադառնալ ցուցակին