Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

26.09.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով նաև հիմնաքարերից մեկը: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օրհնության կարգը ավարտելուց հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հետ, որին մասնակցում էին նաև այլ պատասխանատուներ և բարերարներ:
Ա. Հարությունյանը նախ հետաքրքրվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ճարտարում իրականացվող շինարարական աշխատանքներով: Համայնքների ղեկավարները վարչապետին ներկայացրել են դրանց ընթացքը՝ նշելով, որ մեծ թափով իրականացվում են հատկապես գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Կառավարության ղեկավարը հորդորել է ավելի ակտիվ շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակների միջոցով ներգրավելով նաև համայնքների մյուս բնակիչներին:
Ա. Հարությունյանը, անդրադառնալով Ճարտարի տնտեսական զարգացման հնարավորություններին, նշել է, որ առաջիկայում համայնքներում նոր ծրագիր կմեկնարկի կոոպերացիայի տեսքով, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ Արցախում առաջարկվող կոոպերացիայի տարբերակը կիրառվում է առաջատար գյուղատնտեսություն ունեցող երկրներում, և Ճարտարում այն ներդնելու պարագայում նախատեսվում է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը:
Իր հերթին գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետական միջոցներով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ընթացիկ տարում արդեն ստեղծվել է հանրապետությունում առաջին կոոպերացիան: Վարչապետի խոսքով՝ Թալիշում գրանցված հաջողությունները ոգևորել են Մատաղիսի բնակիչներին, ովքեր արդեն դիմել են կառավարությանը՝ իրենց համայնքում ևս ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն ստանալու համար:
Խորհրդակցության ավարտից հետո Ա. Հարությունյանն այցելել է Ճարտարում բարեգործական միջոցներով կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներին, ինչպես նաև եղել համայնքի հիվանդանոցում, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին