Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Դասընթացներ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար

24.10.2014

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից:
Դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն: Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին և հույս հայտնել, որ այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերվելիք գիտելիքներն օգնելու են նրանց՝ տեղական մարմիններում կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, ինչը հանգեցնելու է Արցախում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանը:
Վարչապետը հորդորել է դասընթացի մասնակիցներին ամենօրյա աշխատանքում հաճախակի հանդիպող խնդիրները համարձակ կերպով վերհանել՝ միասին լուծումներ փնտրելու համար: Քննադատելով շրջվարչակազմերի աշխատակիցների՝ երբեմն հանդիպող մոտեցումները քաղաքացիներին ծառայելու ընթացքում՝ նա պահանջել է բարեխիղճ լինել աշխատանքում, համբերատար ու անմիջական՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ մասնակիցների կողմից նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման և ամրապնդման արդյունքում շատ հարցեր կլուծվեն տեղերում, և քաղաքացիների մոտ կմեծանա վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ:
Մեկուկես օր տևողությամբ դասընթացի ժամանակ շրջվարչակազմերի պատասխանատու աշխատակիցներին կներկայացվեն դասախոսություններ՝ ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության, գործավարության, տեղական եկամուտների հավաքագրման և ծախսման գործընթացի կատարելագործման և այլ թեմաներով:
 

← Վերադառնալ ցուցակին