Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետբյուջեի մուտքերը տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ

27.12.2014

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների՝ ծառայության պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:
Վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ծառայության աշխատանքը պետական բյուջեի մուտքագրումն ապահովելու, պետական կարևորագույն ծրագրերն իրականացնելու և հանրապետության տնտեսության զարգացման գործում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետական բյուջեի մուտքերը վարվող տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ հավաքագրվող յուրաքանչյուր լումա ծախսվում է անհրաժեշտ ծրագրերի կյանքի կոչման համար և, որ յուրաքանչյուր հարկատու իր ներդրումն ունի մեր պետության շինարարության գործում: Վարչապետը հորդորել է նույն տեմպերով շարունակել աշխատանքը` կարևորելով հարկատուների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-դասընթացների և հանդիպումների նշանակությունը:
Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ոլորտում ունեցած ավանդի և հարկային բնագավառում երկարամյա ծառայության համար՝ մի խումբ աշխատակիցների կառավարության ղեկավարը պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:
Արտակ Բալայանն իր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին` ջերմ ու անմիջական հանդիպման համար և վստահեցրել, որ հետագա աշխատանքով էլ ավելի կամրապնդեն վստահությունն իրենց կառույցի նկատմամբ:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին` գալիք ամանորյա տոների առթիվ և նրանց մաղթել նոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին