Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյան. Հատուկ ուշադրության տակ ենք պահելու բնակարանաշինությունը սահմանամերձ գյուղերում

10.10.2015

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:
Համայնքապետները հակիրճ տվյալներ են ներկայացրել գյուղերի սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ՝ անդրադառնալով վերջին շրջանում կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Վարչապետը հետաքրքրվել է գյուղերի ժողովրդագրության և ենթակառուցվածքների իրավիճակով՝ ուրախություն հայտնելով, որ զգալի բնական աճ է նկատվում նշյալ համայնքներում:
«Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ մոտակա օրերին շահագործման կհանձնվի Մատաղիսի ջրագիծը, իսկ Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը կավարտենք հաջորդ տարի: Հատուկ ուշադրության տակ ենք պահելու այս երկու սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության խնդիրները. բնակիչներին աջակցելու ենք և՛ շինանյութ տրամադրելով, և՛ նոր բնակարաններ կառուցելով: Կքննարկենք նաև դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման հարցերը և կտանք համապատասխան լուծումներ»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով նշյալ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերին՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ, հաշվի առնելով Մատաղիսի և Թալիշի ռազմավարական նշանակությունը, կառավարությունը խոշոր ծրագրեր է իրականացնում տեղում: Բնակիչներին ուղղված խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է. «Նպատակ ունենք խրախուսել այս գյուղերում կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրումն ու զարգացումը, և դուք արդեն տեսնում եք նախնական աշխատանքների արդյունքները: Հարյուրավոր հեկտար դաշտեր ոռոգովի ենք դարձրել, ներդրել ենք նորագույն տեխնոլոգիաներ, և ահա ունենք մեկ տարվա աշխատանքի արդյունքները: Ձեզնից ակնկալում ենք վստահություն նոր մոդելի հանդեպ և կատարվող աշխատանքների վերահսկողություն: Այս ամենը ձերն է, և ողջ շահույթն էլ արդարացիորեն բաշխվելու է բոլորիդ միջև»:
Կառավարության ղեկավարը բնակիչների հետ քննարկել է իրավակազմակերպական նոր մոդելի հետ կապված որոշ մանրամասներ, ներկայացրել իր մոտեցումները, ինչպես նաև տվել հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և պաշտոնատար այլ անձինք:
 

← Վերադառնալ ցուցակին