Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի վարձակալական հիմունքներով բնակվող փախստականներին

02.08.2016

Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է պետական ծրագրի շրջանակներում հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը: Կարգի համաձայն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն այն փախստական ընտանիքները (այսուհետ՝ շահառու), որոնց նկատմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական աջակցություն չի ցուցաբերվել, բնակվում են վարձակալական հիմունքներով և ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ վերջին տասը տարիների ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն չեն օտարել:
Բնակելի տարածության վարձակալության դիմաց շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության եռակողմ պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 50 000 ՀՀ դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս: Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմի մեջ ընդգրկվել են նաև փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու համար շահառուն լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 1) համապատասխան դիմում,
2)շահառուի անդամների անձը հաստատող փաստաթղթերի (անձնագրերի կամ ծննդյան վկայականների) պատճենները,
3) փախստականի հաշվառման վկայականի պատճենը,
4) ամուսնության վկայականի պատճենը:
Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցության վերաբերյալ դիմումները լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք մուտքագրվելուց հետո քսանօրյա ժամկետում: Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում աշխատանքային խումբը շահառուին առաջարկում է մեկշաբաթյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ դրանք չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է: Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր:
Ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ձեռքբերելու պահից սկսած յուրաքանչյուր ամիս լիազոր մարմինն ուսումնասիրում է շահառուների բնակարանային պայմանները, որի արդյունքներով շարունակվում է ֆինանսական աջակցության տրամադրումը:
Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 1-ից, հասցե` ք. Ստեփանակերտ, Մշակույթի և երիտասարդության պալատ, 3-րդ հարկ` 5-րդ աշխատասենյակ, հեռ.՝ 097 23-30-15 :
 

← Վերադառնալ ցուցակին