Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն կառավարությունում՝ սննդամթերք արտադրողների մասնակցությամբ

03.08.2016

 Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետությունում սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող մի շարք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գործարարների հետ հանդիպմանը փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ հատկապես վերջին տարիներին արցախյան արտադրողները լուրջ ուշադրություն են դարձնում ապրանքների մրցունակության վրա: Նրա խոսքով՝ դրա վկայությունն այն է, որ Արցախում արտադրված ապրանքները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն ներքին, այլև՝ արտասահմանյան շուկաներում: Ա. Աղաբեկյանը շեշտադրել է, որ այն նաև կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունք է, և այդ շրջանակներում գործադիր մարմինը շարունակում է նոր միջոցներ ձեռնարկել տեղական արտադրանքի հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցերին: Այս կապակցությամբ նա կոնկրետ ուղղություններ է մատնանշել, որտեղ տեղական արտադրության կողմից մատակարարման նոր հնարավորություններ են ստեղծվում: Նա հորդորել է ներկաներին ակտիվորեն համագործակցել ՊԲ-ի հետ՝ որպես սկզբունք ունենալով որակի ապահովումը և ելնելով թե՛ բանակի ու թե՛ սեփական շահերից:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին