Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում

01.10.2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:
Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:
Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրական հնարավորություններին:
Այնուհետև Ա: Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում:
«Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,- ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում:
Ա. Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: Նա նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, և գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք:
«Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը:
Ակտիվ քննարկման պայմաններում ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետից ստացել սպառիչ պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին