Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը աշխատանքային քննարկում է անցկացրել՝ ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի մասնակցությամբ

03.10.2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, գյուղատնտեսությամբ զբաղվող ԼՂՀ և ՀՀ մի շարք խոշոր գործարարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկումը նվիրված էր Արցախում գյուղատնտեսության հայեցակարգի ընդունման և ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հարցերին:
Վարչապետը, նախ, շնորհավորել է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին՝ պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնել, որ նրա կողմից առավելագույն ջանքեր կներդրվեն հայկական երկու հանրապետությունների միջև գյուղոլորտում փոխգործակցության հետագա զարգացման համար: Ըստ ուղղությունների ներկայացնելով Արցախում գյուղատնտեսության զարգացման ճանապարհն ու արդի հիմնախնդիրները՝ Ա. Հարությունյանը նշել է, որ տարիների ընթացքում կառավարությանը հաջողվել է զգալի ձեռքբերումներ արձանագրել, սակայն ցանկալի մակարդակի հասնելու համար անելիքներ դեռ շատ կան:
«Մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, այս ոլորտում մենք նաև չիրացված մեծ հնարավորություններ ունենք: քանի որ Արցախում արտադրված մթերքների հիմնական շուկան ՀՀ-ն է, և այնտեղ տարբեր ապրանքատեսակների ներմուծման ու արտահանման ուղղություններում զգալի պահանջարկ կա, համոզված եմ, որ հնարավոր է այն ընդհանուր առմամբ բավարարել մեր արտադրանքով»,- ասել է վարչապետը և հավելել, որ ունեցած ռեսուրսի և հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար այս օրերին Արցախում քննարկվում է գյուղատնտեսության հայեցակարգի մշակման և ընդունման հարցը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ա. Հարությունյանին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային մթնոլորտում հանդիպումը կազմակերպելու համար: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ևս նոր բարեփոխումներ են սպասվում, և այդ առումով շատ կարևոր են փոխհամաձայնեցված մոտեցումները:
«Ռազմավարական տեսակետից ողջունելի է, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ է մշակվում: Մեր մասնագետները ևս պատրաստ են իրենց հաջողված փորձն ու գիտելիքները ծառայեցնել այդ գործին: Մյուս կողմից պետք է ասեմ, որ ինձ համար հաճելի էր ծանոթանալ Արցախի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում արձանագրված հաջողություններին»,- ընդգծել է ՀՀ գյուղնախարարը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցի բազմակողմանի քննարկում են անցկացրել: Նրանք խոսել են երկու հանրապետություններում գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, առկա միտումների և դրանց վրա տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների ազդեցությունների մասին: Թեմայի վերաբերյալ ներկայացվել են նաև տարբեր գիտական ուսումնասիրություններ և վերլուծություններ:
 

← Վերադառնալ ցուցակին