Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը Մարտակերտի հողօգտագործողների հետ քննարկել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի դրույթները

05.10.2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտակերտ քաղաքում, շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:
Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ անցած տարիների ընթացքում գյուղատնտեսության ինտենսիվ ու էքստենսիվ զարգացման համար տարբեր ծրագրեր են մշակվել, որոնք հնարավորություն են տվել ոլորտում զգալի հաջողություններ արձանագրել, սակայն ամբողջությամբ չեն լուծել խնդիրները: Ա. Հարությունյանի խոսքով՝ գյուղոլորտում պետք է փոխել գործելաոճը և զարգացման քաղաքականության մեջ հաշվի առնել մթերքների արտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդները, մրցակցային առավելությունները և շուկայի պահանջարկը: Վարչապետը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները և նշել, որ քննարկման նպատակն է տեղերից լսել առաջարկներ և մշակել արդյունավետ հայեցակարգ:
«Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը միտված է նախորդ տարիների հաջողված մոտեցումներն ի մի բերելուն, դրանք ավելի ինստիտուցիոնալ և կանոնակարգված հիմքերի վրա դնելուն, ինչպես նաև նոր ու արդյունավետ լուծումներ առաջարկելուն, որով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Մասնավորապես, ըստ հայեցակարգի նախնական դրույթների՝ կառավարությունը խուսափելու է գյուղմթերքի վերջնական գնագոյացման գործում ուղիղ միջամտությունից՝ փոխարենը նախնական աջակցություն ցուցաբերելով գյուղատնտեսական արտադրանք ստեղծողներին: Բացի դրանից, նախատեսում ենք խթանել ոռոգման ջրախնայողական արդի տեխնոլոգիաների կիրառումը, ցանքաշրջանառության կանոնների պահպանումը և, ընդհանրապես, հողի գրագետ մշակումը: Երկրագործությունում առաջընթաց ապահովելու համար համայնքային և պետական պահուստների չմշակվող հողատարածքները վարձակալությամբ կտրվեն համապատասխան հավաստագրեր ունեցող հողօգտագործողներին: Այս ձևով ստեղծված և գրագետ մշակում իրականացնող տնտեսությունները կստանան պետական աջակցություն, և նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում նրանց համար կկիրառենք ապահովագրության մեխանիզմներ, ինչն այլոց ևս կխրախուսի հետևել գյուղատնտեսության կազմակերպման արդյունավետ կանոններին: Ինչ վերաբերում է անկանոն անասնապահության խնդրին, ապա մենք չենք կարող թույլ տալ, որ դրա պատճառով անընդհատ տուժեն հողօգտագործողները: Խիստ միջոցներ ենք կիրառելու խնդիրը կանոնակարգելու համար. օրինակ, նախատեսում ենք չվերահսկվող անասուններն ուղարկել սպանդանոց, իսկ տվյալ անասնատերերը, եթե հետագայում ևս խնդրին ուշադրություն չդարձնեն, զրկվելու են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից»,- իր խոսքում նշել է վարչապետ Հարությունյանը:
Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, որից հետո մտքերի փոխանակում է տեղի ունեցել հանդիպման մասնակիցների միջև:
 

← Վերադառնալ ցուցակին