Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում. Արայիկ Հարությունյան

07.10.2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում, շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում:
Վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը: Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին: Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական նոր միջոցներ կհատկացվեն:
«Կառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը՝ սոցիալական նոր ծրագրերի փոխարեն: Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն, ով հորդորել է Հադրութի հողօգտագործողներին ակտիվորեն ներգրավվել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին: Նախարարի խոսքով՝ Արցախում առաջին անգամ կազմակերպվող այդ դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալու ունենալ մասնագիտական գիտելիքներ՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և ստանալ պետական համապատասխան աջակցություն:
Հանդիպման վերջում ներկաների միջև մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին