Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Շուշիի կրթօջախներով

21.10.2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային շրջայց է կատարել Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղով և Շուշիի տեխնոլոգիական համալսարանով:
Գործադիր իշխանության ղեկավարը, կրթուրթյան, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, շրջել է Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանով, ծանոթացել փորձուսուցման արդյունքներին և տեղում մի շարք հանձնարարականներ տվել՝ նպատակաուղղված աշկերտների մասնագիտական գիտելիքների արդյունավետ օգտագործմանը:
Այնուհետև վարչապետն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է բուհում հեռավար մեթոդներով իրականացվող դասընթացների նշանակությունը և հավելել, որ կրթության որակի շարունակական բարձրացման համատեքստում անհրաժեշտ է օգտագործել նաև սփյուռքահայ գիտնականների ներուժը՝ ներգրավելով նրանց կրթության կազմակերպման գործում: Վարչապետը հետաքրքրվել է նաև բուհի հիմնախնդիրներով և դրանց լուծման համար տվել մի շարք հանձնարարականներ:
Այցի ընթացքում վարչապետի վերջին հանդիպումը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում էր: Ներկայացնելով նորաստեղծ բուհից ունեցած իր ակնկալիքները՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ժամանակակից կրթությունը հենված է զարգացած տեխնոլոգիաների հիման վրա և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պետք է լուրջ դերակատարում ունենա Արցախի տնտեսության զարգացման հեռանկարում: Նա նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համալսարանի խնդիրները, և որակյալ կրթության ստեղծման համար տրվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները: Ա. Հարությունյանը ծանոթացել է կրթության կազմակերպման համար համալսարանում ստեղծված պայմաններին և կարևորել ինտերակտիվ լսարանների ու նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաների առկայությունը:
«Շուշին աստիճանաբար դառնում է կրթական կենտրոն, ինչի ուղղությամբ կառավարությունը հստակ քայլեր է կատարում: Համոզված եմ, որ տարիների ընթացքում աճելու է թե՛ այս կրթօջախների կրթության որակը և թե՛ նրանց դերակատարումն Արցախի տնտեսության զարգացման գործում: Կարևոր է, որ այդ ճանապարհին կիրառական գիտությունները և արդի տեխնոլոգիաների օգտագործումը լինեն կրթության կազմակերպման հիմքերում»,- իր խոսքում նշել է գործադիրի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին