Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Կարեկին Օդաբաշյանին

15.03.2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կ. Օդաբաշյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում ընկերության և, մասնավորապես, նրա ունեցած անձնական ավանդի համար: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է, և շատ կարևոր է այդ ուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետևողական աշխատանքը՝ ապահովելով ժամանակակից ու երաշխավորված կապ:
«Արցախի իշխանությունները միշտ բարձր են գնահատել տնտեսության զարգացման և պետության անվտանգության ապահովման գործում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ունեցած ներդրումը և Ձեր գործադրած անձնական ջանքերը: Կարծում եմ՝ կառավարության և Ձեր ղեկավարած ընկերության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի»,- ասել է վարչապետը:
Գործադիր իշխանության ղեկավարը Կարեկին Օդաբաշյանին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալ, որով նա պարգևատրվել է նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ հանրապետության տնտեսության մեջ ունեցած կարևոր ավանդի համար:
Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այն նաև իր ընկերության աշխատակիցների գործունեության արդյունքն է: Կ. Օդաբաշյանի խոսքով՝ ընկերությունն այսուհետ ևս շարունակելու է իր գործունեությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների բարձր որակն ու մատչելի սակագները:

 

← Վերադառնալ ցուցակին