Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների

23.04.2017

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում։
Վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:
«Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում: ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ: Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթության ոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՛ այդ և թե՛ այլ հնարավոր ուղղություններում: Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանում ներկայացնելու ձեռնարկումներին»,- ասել է վարչապետը:
Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտ համագործակցել Արցախի պետական կառույցների հետ:

← Վերադառնալ ցուցակին