Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Կառավարությանն է ներկայացվել 2016 թվականի բյուջեի կատարողականը

26.04.2017

 Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:
Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին ներկայացված հաշվետվությունը, որն օրինագծի տեսքով կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Անդրադառնալով հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին` ԱՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ: Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականին գրանցվել է 9.2 % տնտեսական աճ: Համախառն ներքին արդյունքը կազմել է 229.7 մլրդ դրամ (2015 թվականին` 209.3 մլրդ դրամ): 2016 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59.0 մլրդ դրամ` 2015 թվականի համեմատությամբ աճելով 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ 68.5 մլրդ դրամ` աճելով 7.4 տոկոսի չափով:
Ներկայացված տվյալներով՝ 2016 թվականին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 33,711.1 մլն դրամ` կատարելով նախատեսված ծրագիրը 95.6 տոկոսով: Նախատեսված 31,582.3 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 32,432.3 մլն դրամ, կամ այդ ցուցանիշը գերակատարվել է 2.7 տոկոսով: Այլ եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,278.8 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 0.4 տոկոսով:
2016 թվականի ԼՂՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3,692.4 մլն դրամ:
2016 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84,670.4 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանի 95.0 տոկոսը:
ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և կրթաթոշակները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 30,429.2 մլն դրամ կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 35.9 տոկոսը:
Անդրադառնալով Բյուջե-2016 թվականի կատարողականին, վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ունեցել ենք ակտիվ ռազմական գործողություններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել տնտեսական ցուցանիշների և ՀՆԱ ձևավորման վրա:
«Բյուջեի կատարողականի վրա բացասական հետևանք են ունեցել ապրիլյան իրադարձությունները: Դրանք ազդեցություն են թողել հավանական ներդրումների վրա, բազմաթիվ ներդրումային նախագծեր հետաձգվել են: Բայց անկախ ամեն ինչից, այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով: Եթե մեր ցուցանիշները համեմատենք վերջին հինգ տարվա աշխարհի զարգացման , տնտեսական աճի, տարածաշրջանի նմանատիպ չճանաչված երկրների տնտեսական աճի հետ, համոզված կարող ենք ասել, որ ռեկորդակիր ենք: Այսօր էլեկտրաէներգիա ներմուծող երկրից մենք դարձել ենք արտահանող երկիր, իսկ 2020թ. նախատեսվում էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել առնվազը 500 միլիոն կիլովատ ժամի: Մենք պարտավոր ենք պահել տնտեսական աճի այս տեմպերը ապագայում ևս: Ինչ վերաբերում է 2017թ.-ին, ապա երկնիշ աճ ապահովելու համար համապատասխան նախադրյալներն առկա են: Մի քանի օրից ամփոփելու ենք չորրորդ ամիսը, և նախորդ տարվա համեմատ, միջինը 10 տոկոսի շրջանակներում ավելի շատ հավաքագրում ունենք»,- նշել է Ա. Հարությունյանը:
Գործադիր մարմնի որոշմամբ սահմանվել են աշխատողի աշխատանքի ընդունումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու, այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգն ու արձանագրության ձևը:
Կառավարությունը սահմանել է 2017թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման և բաշխման ցանցերում նորմատիվային կորուստների առավելագույն չափերը՝ «Արցախէներգո» ՓԲԸ համար 15 տոկոս, «Արցախգազ» ՓԲԸ համար՝ 5,1 տոկոս: Կառավարության ղեկավարը անթույլատրելի է համարել բարձր տոկոսների կորուստները և հանձնարարել է այնպիսի քաղաքականություն մշակել, որ առաջիկա տարիներին կորուստների առավելագույն շեմը սահմանելիս այն չանցնի 12 տոկոսը:
ԱՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 30-ի N 853-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումներն ուղղված են Արցախում ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման գործընթացի շարունակականության ապահովմանը: Նոր որոշմամբ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է այն դեպքում, երբ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում հայտ ներկայացնելու տարվան նախորդող 3 տարիների ընթացքում հիմնադրի կողմից փաստացի կատարվել են 100 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումներ, որոնք ուղղվել են արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերմանը: Շահութահարկի արտոնությունը կկիրառվի միայն մեկ անգամ:
Գործադիր մարմինը հաստատել է գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2017 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է ձեռք բերել և պետական աջակցության տեսքով հողօգտագործողներին անհատույց տրամադրել արևածաղկի, հլածուկի, սոյայի, կտավատի, ոլոռի, սիսեռի, լոբու, եգիպտացորենի, հնդկացորենի և առվույտի սերմեր, համապատասխան հանքային պարարտանյութեր և ինոկուլյանտ (ախտահանիչ), բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց՝ 1 հեկտարի դիմաց անհատույց 200 000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութեր (նվազագույնը 0,5 հեկտարի համար), ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց՝ 1 կիլոգրամի համար 10 ՀՀ դրամի չափով լրավճար:
Կառավարության ղեկավարը կարևորել է ցանքաշրջանառության կիրառումը գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արտադրողականության բարձրացման գործում: Շրջվարչակազմերի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ծրագրի վրա՝ վարչապետը հորդորել է վերահսկել, որպեսզի աշխատանքները ըստ ագրոկանոնների իրականացվեն: Նրա համոզմամբ՝ ճիշտ մշակված դաշտերում որակյալ բերքը երաշխավորված է:
ԼՂՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման մեջ փոփոխություններից ելնելով հստակեցվել է իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը, սահմանվել են վճարների չափերը:
Գործադիր մարմնի կողմից հաստատվել են Արցախի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստ մասնագիտությունների:
Արցախի պետական համալսարանում 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի համար 18 մասնագիտությունների գծով հատկացվել է 18 անվճար և 9 վճարովի տեղ:
Հաստատվել են նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը: ԱրՊՀ-ում 16 մասնագիտությունների գծով սահմանվել են 130 անվճար և 180 վճարովի տեղեր, ինչպես նաև հեռակա ուսուցման համար 45 տեղ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 12 մասնագիտությունների գծով սահմանվել են 35 անվճար, 75 վճարովի և հեռակա ուսուցման համար՝ 45 տեղեր:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ-ին հատկացվելիք 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի
զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի ու անընդհատ
և ինտեգրացված կրթական ծրագրով տեղերի մասին որոշմանը:Հայաստանի Հանրապետության 12 բուհերի 42 մասնագիտությունների համար նախատեսվել են 60 անվճար և 26 վճարովի տեղեր: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկաների ուշադրությունը հրավիրելով հարցին, առաջարկել է վերանայել հայաստանյան բուհերում նպատակային տեղեր հատկացնելու սկզբունքները և այն մասնագիտությունների համար տեղեր նախատեսել, որոնք արցախյան բուհերում չկան, փոխարենը՝ առաջարկել պետության պահանջարկին համապատասխան մասնագիտությունների համար տեղեր հատկացնել, հատկապես բժշկական համալսարանում՝ շրջաններում առկա մասնագետների հարցը լուծելու նպատակով:
Հաստատվել է նաև ԱՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության, ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 25-ի N 722 որոշման մեջ, որով սահմանվում է, որ, որպես չաշխատող անձ, մայրության նպաստի իրավունք ունի նաև այն անհատ ձեռնարկատերը, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, քանի որ նշված անձինք օրենքով սահմանված մայրության նպաստի իրավունք նույնպես չունեն:
Միաժամանակ սահմանվել է, որ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջը մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել ԱՀ ֆինանսների նախարարության կողմից տրված համապատասխան արտոնագիրը և դրա պատճենը:
Նիստում հաստատվել է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը, որով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով լուծել գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցը: Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է ԱՀ շրջաններում: Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Հաստատված յուրաքանչյուր ծրագրի դիմաց պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է առավելագույնը 2 000 000 ՀՀ դրամ:
Կառավարության մի շարք որոշումներում կատարված լրացումներով և փոփոխություններով ուժը կորցրած են ճանաչվել զբաղվածության ոլորտի բոլոր այն ծրագրերը, որոնք հետագա կիրառման համար գնահատվել են անարդյունավետ: Դրանք են, մասնավորապես, փոքր ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման, աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրերը: Փոխարենը, աշխատաշուկայի հետազոտման արդյունքում, կմշակվեն և կներդրվեն նոր ծրագրեր:
Նիստում հավանության է արժանացել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանի տեղեկացմամբ՝ շարունակվել են ծրագրի ցանկում մնացած 14 ընկերությունների ակտիվների վիճակի ուսումնասիրման աշխատանքները՝ ծրագրում դրանց հետագա մնալու նպատակահարմարության հարցը սահմանված կարգով ընթացքավորման նպատակով:
2016 թվականին ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20,0 մլն դրամի չափով: Կատարողականը կազմել է 47,2 մլն դրամ կամ պլանի 236,0 տոկոսը:
Աշխատակազմի վերահսկողության ներքո շարունակվել է գտնվել թվով 20 մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ընդհանուր ստանձնած պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 2 332 մլն դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 114 աշխատատեղ: Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման նոր պայմանագիր է կնքվել մեկ գնորդի հետ, որը պարտավորվել է ընդհանուր առմամբ կատարել 30,0 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 7 աշխատատեղ:
«Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ներկայացվելու է ԱԺ-ի հաստատմանը:

← Վերադառնալ ցուցակին