Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

03.08.2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես, պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղել շրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասը տուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել տարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի և գարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք:
Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն, ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատ ավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50ց բերք:
«Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմից հնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում: Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակման ագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքեր շարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ են ունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այն գործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն:
Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաև աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելով շրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակին կազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունը առաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերի մշակության հետ կապված հարցերին:
Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերի ներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումը կիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան:
Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ, աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում, որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:
 

← Վերադառնալ ցուցակին