Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների

11.09.2017

Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների՝ հիմնադրամի Լոս-Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է բարերարների հերթական այցը Արցախ և նշել, որ նրանց ընդունում է մի դահլիճում, որտեղ շուրջ 30 տարի առաջ ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորները որոշում են կայացրել միանալ Մայր Հայաստանին: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ որոշմանը հետևել է հայության ծանր ու երկարատև պայքարը, և 1994թ.-ի զինադադարից հետո, ամենօրյա լարվածության ներքո, թափ է առել պետականաշինության գործընթացը:
«Այս 23 տարվա ընթացքում մեզ հաջողվել է պաշտպանել առկա սահմանները, զարգացնել պետական ինստիտուտներն ու տնտեսությունը, և այդ ամենը՝ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության գործուն աջակցությամբ: Միայն վերջին օրերին մենք մասնակցեցինք մի քանի խոշոր միջոցառումների՝ Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի, Շուշիի ստեղծագործական կենտրոնի և Սոս գյուղի դպրոցի շենքերի բացման արարողություններին, որոնք բոլորն էլ համահայկական նախագծեր են: Իսկ վերջին ժամանակաշրջանի ամենախոշոր ծրագրի հանգրվանը դարձավ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացումը, որը խորհրդանշում է մեր համազգային միասնականությունը, քանի որ գումարները տրամադրվել են Սփյուռքից, ՀՀ և ԱՀ պետբյուջեներից»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ առաջիկայում ևս մի շարք մանկապարտեզների ու դպրոցների շենքեր են գործարկվելու, ինչը ցույց է տալիս համահայկական ջանքերի կարևորությունը:
Արցախի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Հարությունյանը, կատարած նվիրատվությունների համար, շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայերին, ովքեր անցած 26 տարիներին միշտ եղել են Արցախի կողքին և ամեն ձևով աջակցել են նրա զարգացմանը: «Կուզեի այդ ճանապարհին հատուկ կարևորել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որն ամենաշատ մասնակցությունն ունի Արցախի վերականգնման և զարգացման գործում: Արցախի գրեթե բոլոր համայնքներում հիմնադրամի կողմից նախագծեր են իրագործվել՝ դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ և այլն»,- նշել է Ա. Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ հիմնադրամի Լոս-Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը նշել է, որ 1992 թվականից ի վեր միշտ ցանկացել են առավել արդյունավետ իրագործել ծախսերը: «Այդ առումով, հատուկ կուզեի նշել Արցախում իրականացվող մեր բոլոր նախագծերում ԱՀ կառավարության առնվազն հիսուն տոկոս մասնակցության հանգամանքը, ինչը թույլ է տալիս մեզ ավելի շատ ծրագրեր իրագործել նույն միջոցներով»,- ասել է Քոթանջյանը և ավելացրել, որ բացի ֆինանսական միջոցներ ներգրավելուց՝ կառավարությունը նաև լուրջ վերահսկողություն է իրականացնում կյանքի կոչվող ծրագրերի բարձր որակն ապահովելու համար:
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև հիմնադրամի ամենամեծ բարերարներից Անդրանիկ Բաղդասարյանը, ով, մասնավորապես, նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ՝ Արցախում դրական շատ մեծ փոփոխություններ են կատարվել, ինչն անզեն աչքով նկատելի է ամեն քայլափոխի: «Մեզ այսօր ընդամենը մնում է աջակցել և հետևել, որ այդ միջոցները նպատակին ծառայեն: Իսկ ես հավատում եմ, որ համահայկական ուժերով կարող ենք շատ ավելին անել հայրենիքի համար»,- ասել է Ա. Բաղդասարյանը:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին