Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Անկանոն անասնապահության խնդրին պետք է արմատական լուծում տրվի. Արայիկ Հարությունյանը Հադրութում խորհրդակցություն է անցկացրել

24.10.2017

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին Հադրութ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների և անասնապահության զարգացման շուրջ:
Օրակարգի համաձայն՝ նախ զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղբաժնի պատասխանատուն, ով, մասնավորապես, ներկայացրել է ցանքսի աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ամփոփ անդրադարձել է անցնող տարվա արդյունքներին: Ընդհանուր առմամբ, ըստ զեկուցողի, գյուղատնտեսական առումով տարին բարեհաջող է եղել, և նախորդ տարվա համեմատ շուրջ 17 տոկոսով աճել են շրջանում ստացված համախառն բերքի ծավալները:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները, սակայն նշել է, որ ինչպես հանրապետության մյուս շրջաններում, Հադրութի շրջանում ևս գյուղամերձ տարածքների մշակման խնդիրն առաջնային է մնում: Պետնախարարի խոսքով՝ անկանոն անասնապահության պատճառով հանրապետության գրեթե բոլոր համայնքներում մեծածավալ հողատարածքներ ու այգիներ անմշակ են մնում:
«Չնայած մեր բոլոր ջանքերին՝ խնդիրը շարունակում է չլուծված մնալ, և, արդյունքում, մի շարք անբարեխիղճ անասնատերերի պատճառով մեր գյուղական համայնքներում ապրող հազարավոր բնակիչներ հրաժարվում են զբաղվել գյուղատնտեսությամբ: Մենք դիտում ենք այդ խնդրի վերացումը որպես Արցախում գյուղատնտեսության զարգացման կարևոր հրամայական, և առաջիկայում ընդունվելիք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգով և օրենսդրական այլ լուծումներով խիստ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի անկանոն անասնապահության խնդիրը արմատական լուծում ստանա»,- ասել է Ա. Հարությունյանը և կոչ արել համայնքների ղեկավարներին այդ առումով տեղերում ակտիվ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել:
Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև անասնագլխաքանակի ավելացման անհրաժեշտությանը: Պետնախարարի խոսքով՝ հաշվի առնելով շուկայում մսի առկա պահանջարկը՝ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն անասունների զանգվածային հիվանդություններից խուսափելու և ճյուղի զարգացումը խթանելու համար: Նա հանձնարարել է գյուղնախարարության պատասխանատուներին այցելել համայնքներ և տեղերում անասնապահությամբ զբաղվող քաղաքացիներին համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերել:
Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև առաջիկայում ընդունվելիք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի, հողամշակության կանոնների մասին, ինչպես նաև պատասխանել է նիստին ներկա շրջանի համայնքների ղեկավարներին և խոշոր հողօգտագործողներին հուզող հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին