Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ հեռուստամարաթոնին ընդառաջ

21.11.2017

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին, աշխատանքային այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 17-ից մի շարք հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հոգևոր, տնտեսական և քաղաքական շրջանակների հետ:
Այցելելով Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարան՝ Ա. Հարությունյանը և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպել են թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Կողմերը քննարկել են Արցախի զարգացման, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և հարակից մի շարք այլ թեմաների հետ կապված հարցեր: Պետնախարարը կարևորել է թեմի դերակատարումը հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և փոխվստահության ապահովման գործում:
Ա. Հարությունյանը այնուհետև այցելել է Ֆրեզնո և տեղում ծանոթացել նռան այգիների, չամիչի գործարանի և գյուղատնտեսական այլ ծրագրերի պայմաններին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել տարբեր ձեռնարկատերերի հետ: Պետնախարարը նրանց հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:
Ա. Հարությունյանը նաև ելույթ է ունեցել Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում կազմակերպված միջոցառմանը՝ ողջունելով տեղի հայության ակտիվ մասնակցությունն ամենամյա հեռուստամարաթոնին և, ընդհանրապես, հայրենիքի շենացման գործին: Միջոցառման ընթացքում պետական նախարարը բարերար Վահան Շամլյանին է փոխանցել «Երախտագիտություն» պետական պարգևը, որին նա արժանացել է Արցախի հետպատերազմյան վերականգնման աշխատանքներում ունեցած ներդրման համար:
Արայիկ Հարությունյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև՝ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան, Ռամկավար ազատական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների տեղական մարմինների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Սփյուռքում հայապահպանության մարտահրավերների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, ԱՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Ա. Հարությունյանը շեշտադրել է նշյալ ուղղություններում սփյուռքյան կառույցների գործուն մասնակցության կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս նրանք ուշադրության ներքո կպահեն համահայկական նշանակության հարցերը:
ԱՀ պետնախարարը և Արցախի թեմի առաջնորդը նաև հյուրընկալվել են Հայ օգնության միության ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակում՝ հանդիպում ունենալով կազմակերպության ակտիվ անդամների հետ: Ա. Հարությունյանն իր խոսքում բարձր է գնահատել ՀՕՄ-ի բազմամյա ջանքերն ու կուտակած փորձը հայրենիքի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Նա ընդգծել է, որ Արցախի կառավարությունը պատրաստակամ է բարձր փոխվստահության պայմաններում շարունակել համագործակցությունը ՀՕՄ-ի բոլոր կառույցների հետ:
Վերոնշյալ հանդիպումների և այցերի ընթացքում պետնախարար Հարությունյանին ուղեկցում էր ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: 

← Վերադառնալ ցուցակին