Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

15.12.2017

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենք կիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրային քննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականության հիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին:
Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին:
Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրված առաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին