Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ոռոգման համակարգերի կիրառումը խթանող պետական ծրագրերի ներկայացմանը

20.12.2017

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին գյուղատնտեսության նախարարությունում մասնակցել է ոռոգման արդի համակարգերի կիրառումը և զարգացումը խթանող պետական ծրագրերի ներկայացմանը:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գևորգ Վերանյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնց շրջանակներում առաջիկա տարիներին ընդլայնվելու և զարգացվելու է ոռոգման համակարգը: Ըստ ներկայացման՝ ընթացիկ տարում պետբյուջեի միջոցներից 385 միլիոն դրամ է հատկացվել գրեթե 400 հեկտար այգում և ծխախոտադաշտում ոռոգման կաթիլային համակարգ տեղադրելու համար: Բացի դրանից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով 2018թ.-ին հիմնականում Մարտունու և Ասկերանի շրջաններում գտնվող շուրջ 600 հեկտար հողատարածքի համար փորվելու է 37 խորքային հոր, որոնց նախագծերն արդեն պատրաստվել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Դրանց զուգահեռ, Մարտակերտի շրջանի մոտ 600 հեկտար հողատարածքում պետությունը ձևավորում է անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ մասնավոր մի շարք ներդրողներ նռան այգիներ են տնկելու այնտեղ:
Անդրադառնալով ներկայացված ծրագրերին՝ պետական նախարար Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ոռոգման արդի համակարգերով զինված այգիների ստեղծմանը: «Մենք չենք բավարարվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով, այլ նաև պետական զգալի միջոցներ ենք ուղղելու խորքային հորերի կառուցմանը և ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրմանը: Կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պետական չափորոշիչներին ու կանոններին համապատասխան են զբաղվելու այգեգործությամբ: Մենք նախատեսում ենք լրջորեն բարձրացնել այգեգործության մասնաբաժինը գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքում, ինչը հնարավոր է դառնալու նաև օտարերկրյա մեծածավալ ներդրումների շնորհիվ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Միջոցառմանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք և ֆերմերներ:

 

← Վերադառնալ ցուցակին