Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին

15.06.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին՝ նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պետնախարարը բարձր է գնահատել տնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում նախարարության ունեցած դերակատարությունը և առաջարկել է ներկայացնել իրականացվող աշխատանքների ընթացքը:

Հիմնական զեկուցումը ներկայացրել է նախարար Լ. Գրիգորյանը։ Վերջինս հիշատակել է տնտեսական զարգացման, տրանսպորտի, կապի, կադաստրի, անշարժ գույքի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ նախարարության կողմից կյանքի կոչվող շուրջ 15 ծրագրային միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին: Նախարարը տեղեկություններ է հաղորդել նաև շրջանառվող օրենսդրական նախագծերի մասին, որոնք գործադիրի կողմից խորհրդարանին առաջարկվել է ընդունել ընթացիկ տարվա մեջ: Այնուհետև ըստ ոլորտների հանգամանալից տեղեկություններ են ներկայացրել գերատեսչության այլ պատասխանատուները:

Շնորհակալություն հայտնելով համապարփակ տեղեկատվության համար՝ պետնախարար Մարտիրոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շեշտելով, որ բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն վարչարարության նվազեցմանը, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայությունների մատուցմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Գ. Մարտիրոսյանը հորդորել է նաև իրականացվող ծրագրերի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել հանրությանը՝ ընդգծելով ավելի բաց և թափանցիկ գործելաոճի կարևորությունը։

 

← Վերադառնալ ցուցակին