Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետնախարարն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը

03.12.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը:

Պետնախարարը գոհունակություն է հայտնել Արցախի գործընկեր գերատեսչության հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների առթիվ և նշել, որ փոխգործակցության զարգացման նպատակով պետք է ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մասնագիտական փորձի փոխանակման և վերապատրաստման գործընթացը՝ ընդգծելով դրա կարևորությունը աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրել է աշխատանքային այցի օրակարգը՝ վերահաստատելով երկու գերատեսչությունների միջև առկա սերտ հարաբերությունները: Նա մասնավորապես նշել է, որ երկու նախարարությունների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղատնտեսական որոշ ծառայություններ մատուցող պետական ընկերությունների մասնագետներն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն նաև Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բնակիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այգեգործության զարգացման, ալկոհոլային խմիչքների և արտահանման նպատակով Արցախում արտադրվող ապրանքների իրացման համար միասնական հնարավորությունների օգտագործման, ինչպես նաև գյուղատնտեսության մի շարք ճյուղերի կայուն զարգացման նպատակով նոր տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։

 

← Վերադառնալ ցուցակին