Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

12.03.2019

 2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվեց Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվեց, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին եւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, միեւնույն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժեքության ու արդյունավետության ապահովման համար Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության հարցը մնում է արդիական»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարեւոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տեւական ու ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացում»,-նշեց Բակո Սահակյանը։
Համատեղ նիստի շրջանակներում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Կարեւորվեց խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին