Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պաշտպանության բանակը բարելավում է սննդի որակն ու տեսականին. Գործընթացին հետևել է Գրիգորի Մարտիրոսյանը

09.08.2019

 Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է գործընթացի իրականացմանը, շփվել զինծառայողների հետ, նրանց հետ սեղանի շուրջ գնահատել սննդի որակն ու տեսականին: Զինվորների հետ ճաշելուց հետո պետական նախարարն ասել է. «Տպավորված եմ սննդամթերքի որակից և համային հատկանիշներից: Համակարգը, որը ներդրվում է ՊԲ-ում, տարբերվում է նախկինից այն իմաստով, որ սննդի ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավոր ընկերություններին և մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա: Մենք նաև բանակցում ենք ՊԲ-ին ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որպեսզի սննդակարգում հնարավորինս ընդգրկեն տեղական արտադրությունը՝ կաթնամթերքի, մսամթերքի տեսքով: Այդ ընկերությունների կողմից պատրաստակամություն է հայտնվել մթերումներ կատարել Արցախում արտադրվող բանջարեղենի կամ այլ բնամթերքի մասով»:
Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընդգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճտքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գ.Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել արտադրության ընդլայնման հեռանկարները:

← Վերադառնալ ցուցակին