Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվեն առավելագույն ջանքեր.պետական նախարար

09.02.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Իր խոսքում ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ առավոտյան ներհանրապետական բոլոր ուղղություններով ճանապարհներն անցանելի էին, փակ էր միայն Քարվաճառ-Սոթք հատվածը: Չնայած ճանապարհը բացել և իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ այն օրվա ընթացքում շարունակում էր մնալ դժվարանցանելի: Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ ծառայությունը թեժ գծի միջոցով և օնլայն հարթակում բնակչության հետ ապահովում է հետադարձ կապը՝ հորդորելով գիշերային ժամերին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղաքի բնականոն երթևեկը:
Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտպանության բանակում տեղի է ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը:
Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր:
Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացվում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատուժն ու տեխնիկական միջոցները:
 

← Վերադառնալ ցուցակին