Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Մարտակերտի շրջանի հիմնախնդիրները կլուծվեն ըստ առաջնահերթության

25.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն: Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած խմելու և ոռոգման ջրի սակավության, բնակարանաշինության, միջհամայնքային ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերին:
Նախագահը նշել է, որ սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում շինանյութերի ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 100 մլն ՀՀ դրամ, ևս 100 մլն ՀՀ դրամի չափով վարկ կտրամադրվի <<Ջրաբերդշին>> ընկերությանը՝ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով շրջանում առկա գյուղատնտեսական խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը կաջակցի այն հողօգտագործողներին, ովքեր ընթացիկ տարում գարու ցածր բերքատվության պատճառով վնաս են կրել՝ նրանց տրամադրելով գարու սերմացու: Նախագահն ավելացրել է, որ շուտով իր լուծումը կստանա նաև Մարտակերտի շրջանի դաշտերի ոռոգման խնդիրը, քանի որ մոտ ժամանակներս կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս:
Երկրի ղեկավարի խոսքով՝ մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացվելու ներհամայնքային ճանապարհների սալապատման, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդրի լուծման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: 

← Վերադառնալ ցուցակին