Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

29.08.2020

Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը, ոռոգման համակարգի կառուցմանը, ճանապարհաշինությանը, սննդի վերամշակող արդյունաբերությանը վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել երկու հայկական հանրապետությունների համագործակցության մակարդակը՝ հատուկ նշելով Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և բարձրացվող խնդիրներին օպերատիվ արձագանքումը: «Տարին փորձելու ենք ամփոփել առանց տնտեսական անկման: Սա մեզ համար կլինի լուրջ հաջողություն, իսկ մյուս տարի կնախատեսենք երկնիշ աճի տեմպ` հիմքում ունենալով այն ծրագրերը, որոնք այսօր սկսել ենք կյանքի կոչել Հայաստանի հետ փոխգործակցության շրջանակներում, և որոնք կնպաստեն մեր պետությունների պարենային անվտանգության ապահովմանը», - ընդգծել է նախագահը:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի հետ ունի տնտեսական մեծ օրակարգ, սակայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակի փոփոխություններ է մտցրել, և պետք է ավելի շատ ջանք գործադրվի, որպեսզի ոչ միայն վերադառնանք նախահամավարակային շրջանին, այլև ունենաք ավելի բարձր մակարդակ:
Զրուցակիցները քննարկել են նաև անվտանգության և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ, չնայած հակառակորդի կողմից սանձազերծվող սադրիչ գործողություններին, Արցախի և Հայաստանի փոխգործակցության մարտավարությունը և ռազմավարությունը չեն փոխվում, որովհետև, ըստ էության, այդ սադրանքները մեզ համար կանխատեսելի են: «Մենք համատեղ մեծ օրակարգ ունենք Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացման ու հզորացման վերաբերյալ», - ընդգծել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: 

← Վերադառնալ ցուցակին