Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարությունում քննարկել է տեղահանված բնակիչների խնդիրները

25.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 25-ին Երևանում աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ կառավարության պատասխանատուների հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ:
Օրակարգում արցախյան վերջին պատերազմի ընթացքում տեղահանված քաղաքացիների բնակարանների տրամադրման և ունեցած անշարժ ու շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերն էին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը ցուցաբերած գործուն աջակցության համար, ընդգծել այն խնդիրներն ու անելիքները, որոնք հրատապ են քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության ճնշող մեծամասնությունն այսօր բնակվում է Արցախում, և նրանց բնականոն կյանքի համար, կարծես թե, հաջողվել է ապահովել բավարար պայմաններ: Մեր հիմնական հումանիտար խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5 հազար բնակարան առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը տեղահանված քաղաքացիների վնասների փոխհատուցման հարցն է. մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»,- իր խոսքում, մասնավորապես, ասել է նախագահ Հարությունյանը:

Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կա քաղաքական վճռականություն ու հանձնառություն այդ անելիքներն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:
«Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասել է վարչապետ Փաշինյանը: 

← Վերադառնալ ցուցակին