Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետական նախարարն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին

04.03.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին մարտի 4-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:
Պետական նախարարը շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել նրա աշխատանքային առաջին այցը Արցախի Հանրապետություն: Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ Արցախի հանդեպ պատշաճ ուշադրությունը շարունակվելու է Պաշտպանի ինստիտուտի կողմից և ինստիտուցիոնալ համագործակցության առկա հարուստ փորձը շարունակվելու է համալրվել վստահելի ու գործընկերային ամուր հարաբերություններով:
ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը տեղեկացրել է Արցախի գործընկեր կառույցի հետ ձեռքբերված աշխատանքային պայմանավորվածությունների մասին՝ ընդգծելով արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում իր պատրաստակամությունն ու վճռականությունը: Քրիստինե Գրիգորյանը նշել է նաև, որ իր առաջնահերթություններից են լինելու Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության ու արցախահայության թիրախավորման դեպքերի մասին փաստերի հավաքագրումը, դրանք միջազգային կարևոր հարթակներում ներկայացնելը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացումը և Արցախում համապատասխան կարողությունների զարգացումը:
Արտակ Բեգլարյանը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախին առնչվող ծրագրերն ու ևվս մեկ անգամ շեշտել Պաշտպանների հաստատությունների միջև սերտ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

← Վերադառնալ ցուցակին