Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

04.09.2022


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին:

Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:

Նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

 

← Վերադառնալ ցուցակին