Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Անցկացվել է Արցախի պետական կառավարման մարմինների պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի երկրորդ փուլը

05.12.2022

Ստեփանակերտում դեկտեմբերի 3-ին և 4-ին անցկացվել է Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր ու միջին օղակի ղեկավարների համար նախատեսված մասնագիտական զարգացման ծրագրի երկրորդ փուլը:

Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ՝ «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

Մասնագիտական վերապատրաստման երկօրյա ծրագիրը նվիրված էր արդյունավետ կառավարման խնդիրներին: Տարբեր պետական մարմիններից ներգրավված մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու ոլորտի լավագույն մասնագետներին, ծանոթանալու հանրային կառավարման ժամանակակից մեթոդներին, քննարկումներ ծավալելու ռազմավարական որոշումների կայացման, հանրային կառավարման գործընթացների բարելավման, ճգնաժամային իրավիճակում կառավարման և այլ հարցերի շուրջ:

Ողջունելով երկրորդ փուլի մասնակիցներին՝ «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ կառավարման համակարգի արդիականացումն ու թարմ մոտեցումների ներդրումն այսօր առավել քան արդիական են Արցախի համար:

«Եթե փորձում ենք արմատավորել կառավարման նոր մշակույթ, ապա ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի տարբեր ոլորտների նոր և արդյունավետ մեթոդներով կառավարմանը։ Այս փոփոխություններին հնարավոր է հասնել, եթե այդ գաղափարների և մոտեցումների կրողը լինեն ոչ միայն բարձր, այլև պետական կառավարման համակարգի բոլոր օղակների ներկայացուցիչները» - նշել է Ռուբեն Հայրապետյանը։

Մասնակիցների հետ Արցախի զարգացման իր տեսլականի, ինչպես նաև այս ծրագրի կարևորության մասին է խոսել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը. «Ձեր գործի մեջ դուք բոլորդ հաջողել եք, աշխատում եք շատ կարևոր ոլորտներում: Այս երկու օրերի ընթացքում ձեզ հնարավորություն է տրվելու լսել, վերլուծել, թե ձեր աշխատանքում ինչն եք ճիշտ անում, ինչը՝ ոչ: Բոլորս կարիք ունենք նոր գիտելիքների, նոր տեղեկատվության: Սա լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր ուզում են առաջ գնալ, չբավարարվել նրանով, ինչ արդեն ունեն»:

Արցախի պետական համակարգի ծառայողների վերապատրաստման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 18-19-ին և նախատեսված էր պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար: Նախատեսվում է, որ ծրագիրը լինելու է շարունակական։

← Վերադառնալ ցուցակին