Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախի պաշտոնյաները ներկայացրել են 100 օրից ավելի տևող շրջափակման անվտանգային և հումանիտար հետևանքները

24.03.2023

Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի (Լաչինի միջանցքի)՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել են շրջափակման հետևանքով ստեղծված անվտանգային, էներգետիկ և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ տվյալներ ու գնահատականներ:

Չնայած 2023թ. փետրվարի 22-ին հրապարակված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշմանը, որով Ադրբեջանին հանձնարարվում է վերացնել շրջափակումը և ապահովել մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, Ադրբեջանը անտեսել է դատարանի որոշումը և անգամ սաստկացրել է իր ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը կատարել է հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ, ավելացրել է իր հարձակումները քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների դեմ և մարտի 5-ին դիվերսիոն հարձակումով սպանել արցախցի երեք ոստիկանի։ Ադրբեջանի իշխանությունները նաև անթաքույց կերպով սպառնում են Արցախի ժողովրդին ուժի հետագա կիրառմամբ և էթնիկ զտմամբ:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ, իսկ շրջափակման ընթացքը ներկայացնող կարճ քառալեզու տեսանյութը՝ այստեղ:

Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր բանախոսի խոսքից հատվածներ.


Պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

«Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ 100 օրից ավելի Արցախը շրջափակման մեջ է, եւ կան սոցիալական տարբեր խմբեր, հատկապես որոնց կառավարությունը չի կարող մենակ թողնել: Հիմնականում ձգտում ենք ապահովել ալյուրի եւ առաջին անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակչության համար: Անգամ խանութներում չկան առաջին անհրաժեշտության ապրանքները: Կառավարությունն առաջին հերթին փորձում է ուշադրություն դարձնել սոցիալապես խոցելի տարբեր խմբերի: Վաղուց արդեն ստիպված ենք ապավինել Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությանը: Առանց նրանց կողմից աջակցության՝ մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում»:

«Մենք պետք է հասկանանք, որ մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության հետ շփումներում փորձում է ներկայանալ խաղաղության կողմնակից, բայց մյուս կողմից արցախցիների նկատմամբ իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն: Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով:

Եվ, ցավոք, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն առարկայորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլեւ միջազգային հանրության պասիվությունից ու անգործությունից օգտվելով ավելի է սաստկացրել իր գործողությունները: Այս ամենից հետո Ադրբեջանը մնում է անպատիժ, ինչը ճանապարհ է հարթում հետագա իրավախախտումների համար»:


Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

«Արգելափակված ճանապարհով Արցախի ոչ մի քաղաքացի ու մեքենա ազատորեն չի երթևեկել, և արձանագրված տեղաշարժն էլ տեղի է ունեցել բացառապես Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ: Մասնավորապես, եթե 100 օրվա ընթացքում պետք է մարդկանց շուրջ 245,000 ելք և մուտք լիներ առանց շրջափակման, ապա այս պայմաններում արձանագրվել է միայն 1,376 մարդկանց երկկողմանի տեղաշարժ՝ 178 անգամ ավելի քիչ: Նույնը վերաբերում է մեքենաներին՝ 92,000 ելքի ու մուտքի փոխարեն արձանագրվել է մեքենաների 2,154 շարժ՝ կրկին միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների կողմից: Իսկ 40,000 տոննա բեռի ներկրման փոխարեն Կարմիր խաչի և խաղաղապահների միջոցով ներկրվել է 11 անգամ ավելի քիչ հումանիտար բեռ՝ 3,707 տոննա հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ: Հայաստանից էլեկտրամատակարարումն ընդհատված է Ադրբեջանի կողմից արդեն 73 օր շարունակ, իսկ միակ գազամատակարարումը պարբերաբար խափանում են՝ հանրագումարային 36 օրով զրկելով Արցախի բնակչությանը գազից օգտվելու հնարավորությունից: Շրջափակման ու կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև ուժը և ուժի սպառնալիքը Ադրբեջանը կիրառում է Արցախի ժողովրդի էթնիկ զտման բացահայտ նպատակով՝ հիմնված բոլոր հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության ու ատելության պետական քաղաքականության վրա: Ուշագրավ է, որ Ադրբեջանը չի կատարում նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ միևնույն ժամանակ չստանալով համապատասխան միջազգային գործնական արձագանք ու պատիժ»:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած մանրամասն փաստերին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:


Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյան

«Արցախը շարունակում է ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը: Մենք միշտ բաց ենք ադրբեջանական կողմի հետ երկխոսության համար, սակայն պետք է այս փուլում քննարկենք և լուծենք առաջնահերթորեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը: Ինչ վերաբերում է հակամարտության համապարփակ կարգավորման հարցերին, ապա դրանց հնարավոր է անդրադառնալ միայն միջազգային համապատասխան ձեւաչափով։ Այդտեղ կարևոր բաղադրիչներից մեկը պայմանավորվածությունների կատարման միջազգային երաշխիքների առկայությունն է, քանի որ Ադրբեջանը խախտել է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կարևորում ենք նաև Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացումը և ողջունում ենք այդ ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը»։


Նախապատմություն

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ պարբերաբար ընդհատելով Հայաստան-Արցախ գազամատակարարումը և հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով էլեկտրամատակարարումը: Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

Շրջափակման ծանր հետևանքների մանրամասները ներկայացված են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցում, որը վերնագրված է՝ «Զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման հետեւանքով մարդու անհատական եւ հավաքական իրավունքների խախտումների մասին (100 օր)»:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Սակայն առ այսօր Ադրբեջանը ոչինչ չի արել միջազգային բարձրագույն դատական ատյանի պարտադիր կատարման որոշումը իրագործելու համար, ավելին՝ լրացուցիչ իրավախախտումներ է իրականացրել արցախցիների նկատմամբ, այդ թվում՝ դիվերսիոն հարձակմամբ սպանելով 3 ոստիկանի և անընդհատ սրելով իրավիճակը ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին