Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ամանորյա շնորհավորական խոսքը

31.12.2012

Սիրելի արցախցիներ

Սրտագին շնորհավորանքներ եմ հղում ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ: Իմ առաջին մաղթանքն է, որ դուք լինեք առողջ ու ապահով և ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բոլորիս համար ցանկալի իրադարձություններով: Ուզում եմ անկեղծորեն հավատալ, որ նախընթաց 12 ամիսներին մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը քայլ առ քայլ անցել է առաջընթացի ճանապարհով` հայրենի տարածքում կերտելով իր երջանկությունն ու ապագան:

Իմ ղեկավարած կառավարության և անձամբ ինձ համար սկզբունքային ու պատվի հարց է, որ յուրաքանչյուր արցախցի ապրելու և գործելու բավարար, ավելին` ժամանակակից պայմաններ ունենա և նրա անձնական հետաքրքրությունները մշտապես զուգորդված լինեն պետական ու ազգային շահերին: Արդեն զգալի փորձ ենք կուտակել` այդ ոչ դյուրին խնդիրը հետևողականորեն կարգավորելու համար: Անցած հինգ տարիներին գործադիր իշխանության ծրագրերի մի զգալի մասը նպատակաուղղված էր պետական համակարգի գործունեության բարելավմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության վերելքին, սոցիալապես կարիքավոր խմբերի կենսապահովությունը բավարար մակարդակի հասցնելուն: Մենք հաստատակամորեն կշարունակենք այդ քաղաքականությունը հետագայում ևս: Դուք գիտեք, որ կառավարությունը գործում է մեր հանրապետության համար ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բավական բարդ պայմաններում, բայց և, չունենալով միջազգային կառույցների օժանդակությունը, մեզ հաջողվում է իրականացնել տնտեսական տասնյակ կարևոր ծրագրեր: Մենք մեծապես կարևորում ենք սոցիալական արդարության, անհատի ինքնադրսևորման, ժողովրդավարության խորացման պահանջները: Ես համոզված եմ, և այդ համոզմունքով ուզում եմ վարակել մեր քաղաքացիներին, որ պետության և հասարակության, տարբեր կառույցների և անհատների միջև փոխվստահության ամրապնդմամբ մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր կենսական խնդիրները:

Թանկագին հայրենակցիներ, խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում ձեզ, կամենում, որ ձեր ընտանիքներում իշխեն համերաշխությունն ու երջանկությունը և մանկական ճռվողյուններով զարդարված լինի Ձեր տան յուրաքանչյուր օր: Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին, նրանց մաղթում ամենայն բարիք և միասնական ոգի` համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում:

Աստված պահապան մեր սիրելի Արցախին և հայ ժողովրդին:

Ուրախ Ամանոր ձեզ և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին