Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

07.04.2013

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության` գարնանային այս հրաշալի տոնի առթիվ: Մայրական սերը, հոգատարությունը, օրհնությունն ու քնքշանքը ամենանվիրական պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս ողջ կյանքի ընթացքում: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու մի նոր առիթ է: Մենք ձեզ փոխանցում ենք մեր սերը` մեկ անգամ եւս շեշտելով մեր խորին երախտագիտությունը:

Մարիամ Աստվածածնի ավետման այս օրը ցանկանում եմ, որ բոլոր բարի ուժերը հովանի լինեն Ձեր անփոխարինելի առաքելությանը։ Պետության գլխավոր հոգսերից է` սատար լինել Ձեզ ամեն հարցում, հոգալ, որ Ձեր հարկի տակ իշխեն համերաշխությունը եւ բարեկեցությունը: Գիտակցենք, որ ընտանիքների, զավակների ապահով ներկան եւ լուսավոր ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են:

Հավատացած եմ, որ հայուհու առաքինի կերպարը իդեալական կնոջ իսկական մարմնացում է: Եղեք առողջ ու լավատես, սիրելի կանայք, դուք հուսալի հենարանն եք մեր երկրի: Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն ու սեր:

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻՆ>

Ի սրտե շնորհավորում եմ <Ազատ Արցախ> հանրապետական թերթի խմբագրակազմին ու ընթերցողներին` արցախյան ամենաերկարակյաց պարբերականի 90-ամյա հոբելյանի առթիվ: Թեպետ փոփոխվող ժամանակների հետ թերթը կրել է տարբեր անուններ և քարոզել արժեքների այլ համակարգ, այն գրեթե մշտապես անժխտելի օգտակար ծառայություն է մատուցել մեր ժողովրդին` լինելով կանոնավորապես լույս տեսնող հայերեն մամուլ և արտահայտելով պետության ու հասարակության շահերը:

Բավական բարձր ենք գնահատում թերթի գործունեությունը հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին, երբ պարբերականի խոսքը լիովին համընկավ մեր ժողովրդի իրական իղձերի հետ: Նոր ժամանակներում <Ազատ Արցախը> տերն է այն առաքելության, որ թելադրված է մեր նորանկախ հանրապետության և համազգային ձգտումներով:

Հավատում եմ, որ թերթը արժանիորեն կշարունակի իր պատմական երթը` քարոզելով հայրենասիրություն, միասնություն, բազմակողմանիորեն ու անաչառ լուսաբանելով մեր հանրապետության ընթացիկ կյանքը, սատարելով ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Նոր ու բեղուն տասնամյակներ եմ մաղթում <Ազատ Արցախին>: 

← Վերադառնալ ցուցակին