Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Վարչապետ Ա. Հարությունյանի շնորհավորական խոսքը «Ազատ Արցախին»

27.06.2013

Ի սրտե շնորհավորում եմ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրակազմին ու ընթերցողներին` արցախյան ամենաերկարակյաց պարբերականի 90-ամյա հոբելյանի առթիվ: Թեպետ փոփոխվող ժամանակների հետ թերթը կրել է տարբեր անուններ և քարոզել արժեքների այլ համակարգ, այն գրեթե մշտապես անժխտելի օգտակար ծառայություն է մատուցել մեր ժողովրդին` լինելով կանոնավորապես լույս տեսնող հայերեն մամուլ և արտահայտելով պետության ու հասարակության շահերը:

Բավական բարձր ենք գնահատում թերթի գործունեությունը հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին, երբ պարբերականի խոսքը լիովին համընկավ մեր ժողովրդի իրական իղձերի հետ: Նոր ժամանակներում <Ազատ Արցախը> տերն է այն առաքելության, որ թելադրված է մեր նորանկախ հանրապետության և համազգային ձգտումներով:

Հավատում եմ, որ թերթը արժանիորեն կշարունակի իր պատմական երթը` քարոզելով հայրենասիրություն, միասնություն, բազմակողմանիորեն ու անաչառ լուսաբանելով մեր հանրապետության ընթացիկ կյանքը, սատարելով ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Նոր ու բեղուն տասնամյակներ եմ մաղթում <Ազատ Արցախին>: 

← Վերադառնալ ցուցակին