Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Ամանորյա շնորհավորական ուղերձ

31.12.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արցախցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս եկող 2019 թ․ առթիվ և մաղթում անդորր ու բարօրություն մեր մտքերին, գործերին ու ընտանեկան ձեռնարկումներին։
Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ անցնող 2018 թ․-ը թե՛ Մայր Հայրենիքի, թե՛ Արցախ աշխարհի համար ոչ սովորական տարի էր շատ առումներով։
Այս տարին ինձ համար նույնպես ոչ սովորական էր։ Տարվա կեսից առաջարկ ստացա Արցախի տնտեսության համար այս բախտորոշ շրջանում ղեկավարելու պետական նախարարի ինստիտուտը։ Պաշտոնն ստանձնելուց հետո ջանք չեմ խնայել լուծելու իմ առջև դրված խնդիրները, անհրաժեշտ պահերին՝ վերաուղղորդելու Արցախի ֆինանսա-տնտեսական զարգացման քաղաքականությունը՝ նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրին համահունչ։ Այս ամենն ուղեկցվել է բոլորիդ համար խիստ թափանցիկ և տեսանելի աշխատելաոճով, որը շարունակվելու է նաև գալիք տարում։
Սիրելի՛ արցախցիներ, մենք 2018 թ․-ը եզրափակում ենք տնտեսական կայուն զարգացմամբ՝ երկնիշ տնտեսական աճով, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի չափով հասնելով ՀՀ համապատասխան ցուցանիշին և լիակատար էներգետիկ ինքնաբավությամբ։ Սա արգասիքն է անհատ բնակչից մինչև պետական համակարգ կայուն ու հետևողական աշխատանքի, և հենց այս առումով եմ ցանկանում տարեմուտի հիմնական մաղթանքս հղել ձեզ։
Ի սրտե մաղթում եմ, որ 2019 թ․-ը դառնա քաղաքացու ու պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի, իսկ դրա բանալին՝ ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը, լինի բոլորիս ուղեցույցը։
 

← Վերադառնալ ցուցակին