Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գ.Մարտիրոսյանի ելութը «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում

11.10.2019

Արցախի Հանրապետության միջազգային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Համաժողովի հարգելի' մասնակիցներ
Սրտանց ողջունում եմ բոլորիդ ու մաղթում արդյունավետ աշխատանք, հագեցած ու հետաքրքիր ժամանց:
Պատշաճ մակարդակով կազմակերպված շփումների այս հարթակը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ մեր բարեկամությունը կարևորելու, տարածաշրջանային և միջազգային արդիական որոշ հիմնահարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու ու Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները համատեղ քննարկելու համար:
Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը, Ադրբեջանի` Արցախը մեկուսացնելուն միտված թշնամական քաղաքականությունն, իհարկե, իր բացասական ազդեցությունն է թողնում նաև երկրի տնտեսական զարգացման վրա: Դա էապես կրճատելով մեր հնարավորությունները` իրականում բարդացնում ու սահմանափակում է երկրի արտաքին տնտեսական հարաբերությունները, սակայն անհնարին չի դարձնում: Իր անկախության ողջ ընթացքում նման պայմաններում Է ապրում, արարում ու զարգանում արցախահայությունը: Այդ իսկ պատճառով Արցախն, ինչպես և ցանկացած այլ պետություն, որը ձգտում է ազատական կայուն տնտեսության և ժողովրդավարական հասարակության կառուցման, հանդիսանում է բաց երկիր, շարունակաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական կյանքին, փորձում է ամրապնդել իր ամեն մի հաջողությունը միջազգային շուկայում և ունենալ նորը:
Անգնահատելի է Սփյուռքի մեր հայրենակիցների բարեգործական ծրագրերի դերը Արցախի տնտեսական զարգացման գործում: Անչափ կարևորում ենք նաև փոխշահավետ համագործակցային կապերը տարբեր երկրների ու դրանց բիզնես շրջանակների հետ: Օտարերկրյա կապիտալի ներգրավվածությունը Արցախի տնտեսության տարբեր հատվածներում և մի շարք հաջողված բիզնես ծրագրեր արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, բնակարանաշինության և այլ ոլորտներում վկայում են ձևավորված համագործակցային լուրջ կապերի մասին: Դրանց ծավալներն ու աշխարհագրությունը ընդլայնելու համար Արցախում կիրառվում են հնարավոր լավագույն միջոցները` դիվանագիտական կորպուսի հնարավորությունները, միջկառավարական հուշագրերի կնքման ու Արցախի և տարբեր արտասահմանյան երկրների քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման պրակտիկան, ինչպես նաև միջազգային համաժողովներին, ցուցահանդեսներին Արցախի գործարարների մասնակցության խրախուսումն ու գործարար շրջանակների անհատական կապերը:
Արցախի կառավարությունը փորձում է նաև տնտեսական արդյունավետ գործիքների կիրառմամբ մեղմացնել արտաքին միջավայրից բխող ռիսկերը` իրականացնելով աճի բարձր տեմպերի ապահովմամբ տնտեսական կայուն զարգացմանը միտված քաղաքականություն: 2008 թվականից ի վեր երկրում տնտեսական աճը տարեկան միջինում կազմել է 10.5 տոկոս, որի շարժիչ ուժերն են հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, շինարարությունն ու ծառայությունների ոլորտը: Գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Դրանց նկատմամբ վարվում է խթանող ու աջակցող քաղաքականություն: Այս ամենն, իհարկե, ծառայում է Արցախի բնակչության բարեկեցության աճի ապահովմանը։
2018 թվականի տվյալներով` մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 4 355 ԱՄՆ դոլար: Վերջին տասնամյակում այն աճել է 2.2 անգամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 334 ԱՄՆ դոլար` 2009 թվականի 244 ԱՄՆ դոլարի դիմաց:
Հարգելի բարեկամներ, հակիրճ ներկայացնեմ մեր արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական զարգացումները, նպատակները և դրանց իրագործման հնարավոր ուղիները` ակնկալելով քննարկումներ ծավալելու ձեր հետաքրքրությունը:
Ինչպես գիտեք Արցախը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը: Վերջինիս հետ բացակայում է անդրսահմանային հաղորդակցությունը, իսկ Ադրբեջանի հետ` նրա թշնամական քաղաքականության պատճառով, Արցախի սահմանը ներկայացնում է ռազմաճակատ և փակ է: Փաստորեն Արցախի Հանրապետության`արտաքին աշխարհի հետ հաղորդակցման տրանսպորտային ուղիներն անցնում են միայն ՀՀ սահմանով: Դա չի խոչընդոտում արտաքին առևտրաշրջանառության ծավալների առանձնացված հաշվառման իրականացմանը, որի համաձայն այն դրսևորել է շարունակական աճի միտում: 2018 թվականին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 555 մլն ԱՄՆ դոլար (արտահանումը`202 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 353 մլն ԱՄՆ դոլար), որը համարյա թե կրկնակի անգամ (89%-ով) գերազանցում է 2009 թվականի մակարդակը (294 մլն ԱՄՆ դոլար): Միջին տարեկան աճն այդ ժամանակաշրջանում կազմել է ավելի քան 6.2%, ընդ որում ապահովվել է արտահանման առաջանցիկ աճ. այն կազմել է մոտ 14%, ներմուծման 3.5% աճի դիմաց: Դա իր ազդեցությունն է թողել արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի վրա: Նախորդ տարի արձանագրվել է արտահանման կշռի 17 տոկոսային կետով աճ` ներմուծման ծավալի 1.5 անգամ աճի դեպքում: Ցուցանիշների նման միտումները շարունակվում են նաև ընթացիկ տարում: Այս տարվա 1-ին կիսամյակի տվյալներով` բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 36.8%-ով:
Արտահանման և ներմուծման կառուցվածքներում բարձր տեսակարար կշռով առանձնանում են հանքահումքային մթերքները: Արտահանվում են նաև կենդանական և բուսական արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, քարից, փայտից, կաշվից իրեր և այլն: 2018թ. Հայաստան է արտահանվել նաև էլետրաէներգիա:
Անցած տարի արտաքին առևտրի գերակշիռ մասը իրականացվել է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ: Նշեմ, որ տարեցտարի ընդլայնվում է առևտրաշրջանառության աշխարհագրությունը Վրաստան, Իրան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մերձբալթյան Հանրապետություններ, ԱՄՆ:
ԱՀ կառավարությունը ձգտում է ապահովել գործարար և ներդրումային բարենպաստ միջավայր և արտաքին տնտեսական կապերի ընդլայնման լավագույն պայմաններ: Վերջինիս համար կիրառելով ինչպես աջակցության մեխանիզմներ, այնպես էլ օգտագործելով Հայաստանի Հանրապետության հնարավորությունները:
Ներկայումս մեզ մոտ իրականացվող արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարությունն ուղղված է արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների մրցունակության բարձրացմանը` նպատակ ունենալով նպաստել արտահանման աճին և դիվերսիֆիկացիայի ապահովմանը:
Միջազգային տնտեսական համագործակցության խորացումը ակնհայտորեն կարող է ընթանալ արտասահմանյան գործընկերների համար Արցախի տնտեսական ներուժի յուրացման, իսկ տեղացի գործարար շրջանակների համար` արտահանման կարողություններն ընդլայնելու ուղղություններով:
Հարգելի բարեկամներ, Արցախի ներդրումային միջավայրը պարզ է ու բարենպաստ: Գործում են գրանցման, թույլտվությունների տրամադրման ու լիցենզավորման պարզեցված մեխանիզմներ, հարկային դաշտը նպաստավոր է հարկատեսակների քչության, դրույքաչափերի ցածր լինելու, արտոնությունների լայն համակարգի և վարչարարության ու հաշվետվողականության պարզ մեխանիզմների կիրառման շնորհիվ: Ռեսուրսային տեսակետից լայն հնարավորություններ կան ինչպես ավանդական գործարարության, այնպես էլ ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար: Առկա է երիտասարդ, փորձառու և գնային առումով մրցունակ աշխատուժ:
Օրենսդրությունը նախատեսում է որոշակի արտոնություններ ներդրողների համար, մասնավորապես՝ առնվազն 200 հազ. ԱՄՆ դոլար, բացառությամբ հանքարդյունաբերությունում և ֆինանսական ոլորտում, ներդրումներ կատարելու դեպքում առաջիկա տարիների համար ներդրողն ազատվում է շահութահարկից, իսկ օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության փոփոխության դեպքում օտարերկրյա ներդրողի հանդեպ կիրառվում են այն կարգավորումները, որոնք գործում էին ներդրում կատարելու պահին՝ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո 10 տարի ժամկետով: Շահաբաժինները ևս չեն հարկվում, նոր ստեղծված փոքր ձեռնարկություններն ազատվում են առաջին երեք ամսվա համապատասխան հարկերից: Գյուղատնտեսական մթերքի արտադրությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, իսկ գյուղմթերքի վերամշակման ընթացքում վճարված ԱԱՀ-ն փոխհատուցվում է այդ հարկ վճարողներին:
Կարելի է նշել, որ թվարկածս գործող հարկային արտոնությունների սպառիչ ցանկը չէ:
Ներդրումների տեսակետից տնտեսության բոլոր ճյուղերն էլ հեռանկարային են: Զարգացման մեծ ներուժ ունի մշակող արդյունաբերությունը, հատկապես, գյուղմթերքի վերամշակումն ու շինանյութերի արտադրությունը:
Էլեկտրաէներգիայի արտադրության առումով, մեր երկիրն արդեն ինքնաբավ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում արևային էներգահամակարգերի ներդրման խթաններ ապահովելու ուղղությամբ: Արդեն ձևավորված է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը:
Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 48% գյուղաբնակ է, որի մոտ 82%-ը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Վերջին 10 տարիներին ոլորտն ապահովվել է երկրի ՀՆԱ-ի 11-14%-ը: Հաշվի առնելով ոլորտում առկա ներուժային հնարավորությունները, կարող ենք ասել, որ Արցախում ագրոբիզնեսի զարգացումը խոստումնալից է: Բարեխառն կլիման ու ջրային ռեսուրսների առկայությունը լայն հնարավորություններ են ապահովում զանազան մշակաբույսերի աճեցման համար: Չնայած վերջին տասնամյակում մշակվող գյուղատնտեսական հողատարածքներն աճել են 2 անգամ, վարելահողերի (ընդամենը` 147 հազ.հա, անմշակ`57 հազ. հա) և բազմամյա տնկարկների (ընդամենը` 9.6 հազ.հա, անմշակ` 3.3 հազ. հա) համար նախատեսված հողատեսքերի շուրջ 38%-ը դեռևս չեն օգտագործվում ըստ նշանակության: Կառավարությունն իրականացնում է ոլորտն ինտենսիվ զարգացման փոխադրելուն միտված խթանիչ քաղաքականություն, որի շրջանակում, նաև ոռոգման նոր համակարգերի ներդրման խրախուսմամբ խթանում է այգեգործության զարգացումը: Միաժամանակ, վերջերս իրականացված օրենսդրական փոփոխության համաձայն` պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողեր վարձակալած և այգի հիմնադրած օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում այն ձեռք բերել սեփականության իրավունքով: Նշեմ, որ մեզ մոտ ագրոբիզնեսի նկատմամբ կիրառվում են հարկային լայն արտոնություններ, ինչպես նաև գործում են պետական աջակցության մի շարք ծրագրեր:
Հարգելի բարեկամներ, ԱՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը կառավարության համար միշտ եղել և մնում է օրակարգային: Դրա լուծման ուղիներից մեկը հիփոթեքային վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն են, որոնք նպաստել են բնակարանների նկատմամբ պահանջարկի աճին և բնակարանաշինության ոլորտի գրավչության բարձրացմանը: Բնակարանաշինությունը խթանելու և նորակառույց բնակարանների համար մատչելի գին ապահովելու նպատակով` ԱՀ իշխանությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ. օրենսդրությամբ սահմանվել է հարկային արտոնություն կատուցապատողի կողմից բնակարանի իրացման դեպքում, ինչպես նաև պետությունը կառուցապատողին տրամադրում է անմիջական աջակցություն` իր վրա վերցնելով ծախսերի մի մասը, մասնավորապես հողատարածքի ձեռքբերման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, ենթակառուցվածքներով ապահովման, տարածքի բարեկարգման և այլն: Միաժամանակ օրենսդրությամբ սահմանված է, որ առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակտարածք ձեռքբերած քաղաքացուն հետ է վերադարձվում նրա վճարած եկամտային հարկը` հիփոթեքային վարկի տոկոսի չափով:
Արցախն ունի հարուստ պատմական և մշակութային ժառանգություն, ինչը գրավիչ է դարձնում զբոսաշրջությունը: Տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը: 2018 թվականին Արցախ է այցելել 28 588 զբոսաշրջիկ` 92 երկրից, այդ թվում Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, Չինաստանից, Լիբանանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Արգենտինայից և այլ երկրներից:
ԱՀ կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը դառնա պահանջարկ ունեցող զբոսաշրջային ուղղության: Դրան է ուղղված նոր ենթակառուցվածքների ստեղծումն ու վերջերս իրականացված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն վերացվել է Արցախի Հանրապետություն մեկ անգամվա մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքը:
Մեր Հանրապետության ներկա առաջնահերթություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ այն դիտարկվում է ոչ միայն, որպես տնտեսության բնագավառ, այլև կարևորագույն խթան` երկրի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար: Միջազգային համագործակցային կապերի հաստատման տեսակետից բավականին գրավիչ է այս ոլորտը: Այն հաշվի չի առնում տարածքային, տրանսպորտային ուղիների սահմանափակումները, իսկ պահանջվող համապատասխան աշխատուժի առումով Արցախն ունի մեծ ներուժ: Նույնիսկ, դպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝ համատեղելով տեխնոլոգիան և դիզայնը: Դա կատարվում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով:
Հարգելի բարեկամներ, Արցախի Հանրապետության կառավարությունը այսուհետ էլ ավելի ակտիվ ու հետևողական քայլեր կիրականացնի միջազգային փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման հնարավորություններն ընդլայնելու համար:
Ակնկալում ենք ձեր գործնական աջակցությունն ու անմիջական մասնակցությունը` Արցախի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող տնտեսական համագործակցային կապերի ստեղծման ու ամրապնդման գործին:
Համոզված ենք, որ այլևս Արցախի միջազգային կապերը կընդլայնվեն ու կխորանան` անտեսելով Ադրբեջանի կողմից հարուցվող բոլոր խոչընդոտները` հանուն արդարության և խաղաղության:
Կրկին մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և ամենայն բարիք:
Շնորհակալություն:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին