Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Գ.Մարտիրոսյանի ելույթը Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի բացմանը

04.11.2019

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,


Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ.
Ավելի քան կես դար Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, ապա նորանկախ Արցախի բարձրագույն կրթության և գիտության, հասարակական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի: Խորհրդային տարիներին, բավականին բարդ ժամանակահատվածում ուսումնական հաստատությունը եղել է ազգային արժեքների պահպանման կարևորագույն կենտրոնը: Այնտեղ միաբանված հայ մտավորականությունն ու ուսանողությունը պատվով է դիմակայել Բաքվի իշխանությունների գիտակրթական դավադիր քաղաքականությանը, իսկ արցախյան շարժման տարիներին բարձրագույն հաստատությունը գաղափարական կենտրոններից էր, որտեղ կենտրոնացած էր երիտասարդության շարժիչ ուժը: Հարգանքով ու խոնարհումով եք հիշում բոլոր այն ուսանողներին, ովքեր գրիչը փոխարինել են զենքով և արել անհնարինը՝ պաշտպանելով հայրենիքը, հերոսանալով ու ապրեցնելով ազատության գաղափարը:


Արցախում պետական համալսարան ունենալը յուրաքանչյուրիս երազանքն էր: Նորանկախ հանրապետության պետական կառույցների ստեղծմանը զուգահեռ իրագործվեց նաև անչափ կարևոր այդ որոշումը և մայր բուհը դարձավ մեր երկրի զարգացումն ու առաջընթացը ապահովող մասնագետների պատրաստման դարբնոցը: Համալսարանի ստեղծումը հնարավորություն ընձեռեց նաև հանրապետության գիտական ներուժի համախմբման և պետականաշինության գործընթացում արդյունավետ օգտագործման համար: Եվ բուհն այսօր ոչ միայն դիտարկվում է որպես հանրապետության մասնագիտական ներուժի հիմնական մատակարար, այլ նաև գիտա-կրթական կարևորագույն կենտրոն:
Տարիքը, որով այսօր չափվում է այս հաստատության անցած ճանապարհը, իրականում պատկառելի է: Բայց միաժամանակ բուհական կրթություն ապահովող առաջատար կենտրոնների փորձի ու կենսագրության հետ համեմատականներում 50 տարին ամենեվին մեծ թիվ չէ՝ որպես բարձրագույն, գիտության ճանապարհը լուսավորող ուսումնական հաստատություն: Ասել է՝ կայանալու տեղ ունենք, և այդ գործընթացի հաջողությունը առաջընթացի, միջազգային փորձն ու ժամանակակից պահանջները հմտորեն օգտագործելու մեջ է:
Որպես Արցախի պետական համալսարանի շրջանավարտ և խորհրդի նախագահ, գտնում եմ, որ մեր հաջողությունների բանալին ու բանաձևը մշտապես առաջ շարժվելու, տնտեսության պահանջների հետ համաքայլ լինելու մեջ է: Կառավարության գործունեության ռազմավարական, հեռանկարային ծրագրերի հնարավորինս արագ և լիարժեք իրագործման առումով անհրաժեշտ է ներդնել գիտական արդի նվաճումները:

Մենք պետք է ունենանք կադրեր, որոնք որակական մակարդակով չեն զիջի արտասահմանյան գործընկերներին: Եվ այսօր պատմության, քաղաքագիտության, տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մենք մեր վճռորոշ խոսքը պետք է ունենանք ոչ միայն Արցախում, այլև ամբողջ աշխարհում: Այդ խոսքի հեղինակն ու ճարտարապետը մայր բուհն է:
ԱրՊՀ 50-ամյակին նվիրված գիտաժողովը լավագույն առիթն է ոչ միայն հետադարձ ուժով գնահատել մեր ձեռքբերումները, այլև շատ հստակ նայել առաջ, նորովի բացահայտել մեր հնարավորություններն ու երիտասարդների մասնագիտանալու ձգտումները հասցնել առավելագույնի: Սա, իհարկե, միայն պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի խնդիրը չէ: Նախաձեռնող, հետաքրքրասեր ու դժվարություններից չվախենող՝ սրանք որակումներ են, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի երիտասարդներին: Ժամանակակից աշխարհում ուսանողների առջև բազմաթիվ դռներ բաց են, բայց չհաջողելու վտանգը մեծ է, եթե ժամանակն ու տրված հնարավորությունը ճիշտ չես օգտագործում:
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, մայր բուհի կայացման ու զարգացման ակունքներում կանգնած հարգարժա՛ն մտավորականներ:
Շնորհավորում եմ բոլորիս համալսարանի խորհրդանշական՝ կեսդարյա կերտված կուռ պատմության առթիվ, իսկ ուսանողական միջազգային գիտաժողովի աշխատանքներին մաղթում հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին