Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը հունվարի 28-ի օրվա առթիվ

28.01.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,


Ավելի բարձր կոչում, քան հայրենիքի պաշտպան լինելն է՝ դժվար է պատկերացնել: Ընտանիքում, ընկերական միջավայրում, կամ քաղաքական ու տնտեսական նախագծերի ելքը վճռելու պահին մենք մտովի տեղափոխվում ենք առաջնագիծ՝ հակառակորդի շարժը վերահսկող զինվորի, արհեստավարժ սպայի, սրտացավ ու ռազմավար գեներալի մոտ: Առանց պաշտպանված լինելու զգացողության մեր նպատակները խոցելի, անիրագործելի են: Հայրենիքի և ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում առանձնահատուկ տեղն ու դերը վերապահված է Հայոց բանակին: Ուժ՝ որը նոր ուժ է ծնում թիկունքում, և կարծրացնում է մեր ազատ ու անկախ ապրելու հաստատակամությունը:
Ստացվել է այնպես, որ հունվարի 28-ը հայկական զույգ պետություններում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում իր մեջ՝ արժանապատվության և պաշտպանված լինելու զգացողություններով: Օրվա հրամայականն է գնահատել մեր կարողությունները, մշտապես լինել բանակի կողքին՝ ամենօրյա աշխատանքով ու բարեկամեցողությամբ անհատապես ստանձնելով նրա շարունակական կատարելագործան պատասխանատվությունը:
Մենք հաղթանակած բանակի հպարտ զավակներն ենք:
Իմ խոնարհումն եմ ուզում բերել այն նվիրյալներին, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, և ովքեր կարոտի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին:
Փա՛ռք ու պատիվ մեր հաղթանակած բանակին:
Շնորհավոր տո՛նդ, հայրենիքի պաշտպան,
Շնորհավոր տո՛նդ Հայոց բանակ: 

← Վերադառնալ ցուցակին