Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ

07.04.2020

Սիրելի՜ կանայք,

Անկեղծ շնորհավորում ու բարեմաղթում եմ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այսօր կարծես վերաիմաստավորում ենք կնոջ դերը մեր կյանքում, ում առաջնահերթ վերապահում ենք ընտանիքի, ազգի և արժեքների պահպանությունն ու տղամարդկանց ուժ և զորություն հաղորդելու բացառիկ իրավունքը: Մեր կողքին ու ամենուր սփռվող ջերմությունն ու հոգատարությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների՝ մեր տատիկների, մայրերի ու քույրերի, դուստրերի շնորհիվ է: Այդ անտեսանելի ուժն է առաջնորդում մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում, դարձնում ուժեղ ու տոկուն:

Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում այսօրերին բուժհաստատություններում, ուժային կառույցներում իրենց ծառայությունն իրականացնող կանանց, ովքեր հայրենիքի հանդեպ ծառայությանը վերաբերում են նույնչափ պատասխանատու, որքան սեփական ընտանիքների բարօրությանն ու ներդաշնակության ապահովմանը: Այսօր ու միշտ մեր ուշադրությունն ու հոգատարությունը նաև մայրանալու բերկրանքին սպասող մեր քույրերի, երեխաներ դաստիարակող ու ընտանեկան հոգսերն անտրտունջ ուսերին տանող մայրերի նկատմամբ է:

Մարդկության պատմության բոլոր էջերում, հերոսապատումներում ու իրական կյանքում, սովորաբար, հաղթում է բարին ու գեղեցիկը: Գուցե սա արդյունք է հավատքի, որ ուժ է առնում աստվածային լույսից ու մեր սիրելիների օրը իմաստավորում Ավետման տոնով: 

← Վերադառնալ ցուցակին