Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2020

Սիրելի՜ հայրենակիցներ,
Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը: 105 տարի առաջ, Թուրքիան պետական մակարդակով ծրագրեց ու իրագործեց մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Դա տեղի ունեցավ քաղաքակիրթ հասարակությունների աչքի առաջ, որոնց երկրների իշխանություններից շատերն առայսօր քաղաքական ու տնտեսական շահը գերադասելով՝ խուսափում են իրավական գնահատականներ հնչեցնելուց: Պատմական փաստերի առջև համառորեն լռում են թուրքական իշխանությունները՝ անհրաժեշտ կամք ու պատասխանատվություն չցուցաբերելով գոնե բարոյական պատասխանատվություն կրելու ցեղասպանության զոհերի հարազատների, ամբողջ հայ ժողովրդի առջև:
Եվ այսօր, ավելի քան 2 հազարամյակ Արևմտյան Հայաստանում ապրող հայը զրկված է հայրենիքից, ով օտար ափեր է տարել հայրենազրկվածի, ծնող ու զավակ կորցրածի չդարմանվող ցավը: Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցները, սակայն, կարողացել են նոր ծիլեր արձակել և իրենց վարքով ու բարքով երախտապարտ լինել այն մարդկանց ու երկրներին, որոնք գրկաբաց ընդունել ու պաշտպանել են 20-րդ դարի առաջին հրեշավոր հանցագործությունից:
Հայկական Սփյուռքը մայր Հայաստանի ու Արցախի հետ այժմ իր առաքելությունն է իրականացնում մարդկության հանդեպ իրագործված ոճիրի իրավական գնահատականը ստանալու ուղղությամբ: Հանցագործության ժխտումը հանցագործության շարունակությունն է, եվ միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:
Եվ այսօր մենք կրկին բարձրաձայնում ենք՝ այլևս երբեք…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը առաջին անգամ հարգում ենք՝ խուսափելով հանրային հավաքներից: Արցախի կառավարությունը բոլորիս անունից ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին՝ հանուն արդարության վերականգնման, ճանաչման ու դատապարտման, հանուն մարդկության դեմ հանցագործությունների բացառման: 

← Վերադառնալ ցուցակին