Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ

09.05.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հարգարժան վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ,
Այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ԽՍՀՄ ժողովուրդները հերոսաբար դիմակայել են հրեշավոր մարտերին և տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել խաղաղ ապագան: Ֆաշիզմի դեմ պայքարում իր սխրանքներով անուրանալի դերն է ունեցել նաև արցախահայությունը՝ սերունդներին թողնելով հայրենասիրության և անձնվիրության յուրահատուկ դասեր:
Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է հերոսապատումներով, այդ պատումները կերտած նվիրյալների կերպարներով ու գաղափարական անխոցելի շերտերով: Թերևս, մտքի ու ոգու աներևակայելի թռիչքն էր, որ հաղթահարեց Շուշիի բարձունքը, մեկընդմիշտ լռեցրեց ադրբեջանական մահաբեր կրակակետերն ու բերդաքաղաքը վերադարձրեց իրական տերերին: Խաղաղվեց Շուշիի, և աստիճանաբար Արցախ աշխարհի երկնակամարը:
Այդ խաղաղությունը կերտողն ու այսօր պարտադրողը համայն հայության պարծանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է: Մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում է իր առաքելությունը՝ շարունակաբար կատարելագործվելով և ամուր պահելով սահմանը:
Այսօր մեր հարգանքն ու խոնարհումն ենք բերում բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքն են նվիրել մեր ազատության, ազգային իղձերի իրագործման համար, ովքեր կռել են հաղթանակն ու վերադարձրել ինքավստահությունը մեր ուժերին, պարգևել արժանապատիվ ապագա կառուցելու հնարավորություն: Եվ յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները անվտանգության շարունակական ամրապնդմամբ, տնտեսության կայուն զարգացմամբ, հոգևոր, մշակութային արժեքների, և իհարկե, հիշողության պահպանմամբ:
Շնորհավո՜ր Եռատոն:

← Վերադառնալ ցուցակին